Աջակցությունը ցուցաբերվելու է այն շահառուներին, որոնց վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են անհուսալի դասով և կազմում են մինչև 1 մլն դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի պատգամավոր Բաբկեն Թունյանը։
«Դեկտեմբերի 12-ին ՀՀ կառավարությունը հաստատեց անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական խթանմանն ուղղված որոշումը, որով նախատեսվում է աջակցություն՝ թվով 218,000 անհուսալի վարկառու համարվող անձանց:
Աչքովս մի քանի քննադատություն ընկավ, դրա համար մի թեթև անդրադառնամ այս հարցին:
Մի քիչ երկար կստացվի, բայց կփորձեմ մաքսիմալ պարզ ու հասկանալի գրել:
Եվ այսպես, ի՞նչ ունենք:
Ունենք տարիներով կուտակված և մեծ ծավալների հասած մի խնդիր, որը վերաբերում է հարյուր հազարավոր մեր հայրենակիցների: Ունենք մի վիճակ, երբ ինչ ինչ պատճառներով վարկը սպասարկել չկարողացած (կամ մեկ այլ քաղաքացու երաշխավոր կանգնած) բազմաթիվ մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում:
Մի կողմից, նրանք չկատարված պարտավորություններ ունեն, որի պատճառով նրանց հաշիվները գտնվում են արգելանքի տակ:
Մյուս կողմից, այս մարդիկ խուսափում են օրինական աշխատանքի ընդունվել, քանի որ իրենց բանկային քարտին աշխատավարձ ստանալու դեպքում՝ դրա մի զգալի մասը տեղում առգրավվելու է և ուղղվի կուտակված պարտավորությունների կատարմանը:
Արդյունքում, այս մարդիկ նախընտրում են մնալ ստվերում, աշխատել «սևով», որպես կանոն՝ ավելի վատ պայմաներով և չպաշտպանված: Իսկ այն գործատուները, որոնք ցանկանում են օրինական դաշտում աշխատել և պատշաճ գրանցել աշխատողներին՝ իրական աշխատավարձով, աշխատող ներգրավելու հարցում լուրջ դժվարություններ են ունենում: Սա էլ իր հերթին ազդում է աշխատաշուկայի, տնտեսության, բյուջեի եկամուտների, ֆինանսական համակարգի կայունության, ստվերայնության վրա՝ բնականաբար, վատ իմաստով:
Փակ ցիկլ է՝ իրավիճակ, երբ քաղաքացին ոչ թե պետության աջացությամբ հաղթահարում է դժվարություններն ու վերադառնում «առողջ միջավայր»՝ այդպիսով ինքն էլ ուժեղացնելով պետությունը, այլ հակառակը՝ ավելի է հեռանում այդ միջավայրից, պետության ու ֆինանսական ինստիտուտների հետ նորմալ հարաբերություններից՝ գնալով ստվեր, իսկ վատագույն դեպքում՝ խնդիրները լուծելու համար արտաագաղթում կամ դիմում անօրինականությունների:
Այժմ, երկար քննարկումներից հետո, կառավարությունն առաջարկել է լուծում, որը հնարավորություն է տալիս ավելի քան 200 հազար մարդու հաղթահարել դժվարությունները, դուրս գալ պարտքային «փակ ցիկլից» և նոր էջից սկսել իր տնտեսական կյանքը:
Աջակցությունը ցուցաբերվելու է այն շահառուներին, որոնց վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են անհուսալի դասով և կազմում են մինչև 1 մլն դրամ: Սա, իհարկե, խնդրահարույց բոլոր վարկառուներին չի վերաբերվում, սակայն լուծում է մի զգալի մասի խնդիրը:
Ո՞րն է աջակցության ծրագրի իմաստը: Տրամաբանությունը շատ պարզ է.
քաղաքացին պետք է լինի կամ դառնա գրանցված աշխատող, և, որպես աջակցություն՝ կառավարությունը նախատեսում է արդեն իսկ աշխատող և ծրագրին մասնակցայնություն ունենալու իրավունք ստանալու համար աշխատանքի անցած անձանց հնարավորություն տալ աշխատավարձից գոյացող ողջ եկամտահարկը մինչև 2 տարի ժամկետում ուղղել վարկի մարմանը:
Որպես հավելյալ աջակցություն՝ նախատեսված է նաև վարկառուների՝ մինչև 80 տոկոսի չափով տույժ-տուգանքների մարում՝ բանկերի կողմից, ինչպես նաև Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից աշխատավարձից 20 տոկոսի գանձման սահմանաչափ:
Պարզ ասած, բանկը ներում է տույժ-տուգանքի զգալի մասը, իսկ մնացած մասն ու մայր գումարը մարդը վճարում է իր եկամտային հարկի հաշվին:
Սա պետություն – բանկային համակարգ – քաղաքացի համագործակցության լավ ու երկար սպասված մոդել է, որից շահելու են բոլորը:
Քաղաքացին շահում է, որովհետև հնարավորություն է ստանում «մաքրվել», դուրս գալ, այսպես ասած, «սև ցուցակներից», վերականգնել վարկային պատմությունն ու վարկունակությունը, դառնալ գրանցված աշխատող՝ պաշտպանված իրավունքներով:
Բանկային համակարգը առողջացնում է իր վարկային պորտֆելը, ազատվում խնդրահարույց հաճախորդների հետ բարդ հարաբերությունների գլխացավանքից, և մյուս կողմից՝ մեծացնում պոտենցիալ վարկավորման հնարավորությունները, քանի որ այդ նույն մարդիկ կարող են դառնալ պարտաճանաչ վարկառուներ:
Պետությունը շահում է, որովհետև՝ նախ վերևի նշած երկու կետերն արդեն իսկ պետության շահերից են բխում: Բացի այդ, դաշտը «սպիտակում է», աշխատաշուկայի և տնտեսության իրական պատկերը թույլ է տալիս ավելի արդյունավետ և ճիշտ քաղաքականություններ մշակել: Իսկ միջնաժամկետ հատվածում, սա նշանակում է պետբյուջեի եկամուտների աճ, որովհետև պարտավորությունները մարելուց հետո այս մարդկանց եկամտային հարկը գնալու է պետական բյուջե:
Ասել, որ այս ծրագիրը նշանակում է պետբյուջեի՝ այլ հարկատուների հաշվին, մարել անբարեխիղճ վարկառուների պարտավորությունները, մեղմ ասած, մանիպուլյացիոն պնդում է: Այն պարզ պատճառով, որ այդ մարումը կատարվելու է հենց այդ վարկառուների վճարելիք հարկերի հաշվին: Եթե այս ծրագիրը չլիներ, այդ եկամտային հարկը չէր էլ գեներացվի կամ կմնար ստվերում (ինչպես եղել է մինչ օրս):
Հուսով եմ, ծրագիրն իրեն կարդարացնի և մեր հայրենակիցները կօգտվեն այս հնարավորությունից»,-նշել է նա: