ՀՀ ԱԱԾ-ում տվյալներ են ստացվել ս.թ. դեկտեմբերի 11-ին՝ ժամը 03:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանի ապօրինի հատման հավանական փորձի վերաբերյալ, որի ստուգման կապակցությամբ ներկայումս իրականացվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
Այս մասին հայտնում են ԱԱԾ-ից։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մասիսի տարածաշրջանում լուրեր են տարածվել, որոնք կապված են եղել, ենթադրաբար, քաղաքում շրջող զինված անձանց կամ անձի հետ։ Iravaban.net-ին դիմած քաղաքացիները հայտնել են, որ որոշ մանկապարտեզներում աշխատանքները նախատեսվածից շուտ են ավարտել, խնդրել են գալ և երեխաներին տանել։
Տարածաշրջանում գտնվող Ռանչպարի վարչական ղեկավարությունը հայտարարություն էր տարածել, որում նշվում էր․ «Գյուղում աշխատանքները շարունակվում են բնականոն ընթացքով։ Խնդրում և հորդորում ենք` չտրվել կողմնակի խոսակցությունների ազդեցությանը և ավելորդ լարվածություն և խուճապ չստեղծել մեր գյուղում և հարակից բնակավայրերում: Իրավիճակը գտնվում է համապատասխան կառույցների վերահսկողության տակ»: