Սպիտակի ավերիչ երկրաշարժից 36 տարի է անցել․ դեկտեմբերի 7-ը՝ երկրաշարժի զոհերի հիշատակի օր

Այսօր դեկտեմբերի 7-ն է՝ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը: 36 տարի առաջ այս օրը, ժամը 11:41-ին տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք, ավելի քան կես միլիոն մարդ դարձավ անօթևան:

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8-7,2 մագնիտուդ, Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալ (ըստ ՄՍԿ-64՝ 12 բալանոց սանդղակի)։ Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Երևանում և Թբիլիսիում։

Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս եկավ Հայաստանի արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Լիովին ավերվեցին Սպիտակ քաղաքը և 58 գյուղ, մասամբ՝ Գյումրի, Ստեփանավան, Վանաձոր քաղաքներն ու ավելի քան 300 բնակավայր։

Արհավիրքի հետևանքներն այնքան սարսափելի էին, որ 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո առաջին անգամ Խորհրդային Միության ղեկավարը պաշտոնապես հումանիտար օգնություն խնդրեց Ամերիկայի Միացյալ Նահանգներից:

Իրավիճակը քաղաքներում երկրաշարժի առաջին օրերին անվերահսկելի էր և նման էր ապոկալիպտիկ ֆիլմերի կադրերին: Մարդիկ փորձում էին ամեն գնով փրկել կամ գոնե գտնել հարազատների մարմինները՝ մինչև վերջ չհավատալով եղելությանը: Ստեղծվեց մի իրավիճակ, երբ հաջողություն էր համարվում հարազատի դին գտնելը:

Սպիտակի երկրաշարժը առանց չափազանցության ցնցեց ամբողջ աշխարհը: Առաջինն աղետի գոտի հասան հարակից շրջանների բնակիչները: Հազարավոր մարդիկ օրեր շարունակ, շատ ժամանակ դատարկ ձեռքերով փորձում էին փլատակների տակից հանել ողջ մնացածներին: Ազգաբնակչության և փրկարարների ջանքերով փլատակներից հանվել է ավելի քան 45000 մարդ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել