ԱՁ «Սերգեյ Աղայան» փոխանակման, «ԷՄ ԷՏ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի և «ԱՆՈւՇ» տրիկոտաժի արտադրական միավորում ՍՊԸ փոխանակման կետի նկատմամբ նախազգուշացում է կիրառվել։
Iravaban.net-ը այս մասին տեղեկանում է ՀՀ կենտրոնական բանկից։
Ինչպես հայտնի է՝ ՀՀ տարածքում գործունեություն ծավալող փոխանակման կետերը պարտավոր են իրենց կողմից իրականացվող արտարժույթի առքուվաճառքի դրամարկղային գործառնությունները տեսաձայնագրել, տեսաձայնագրությունները պահպանել առնվազն 120 օր և ՀՀ կենտրոնական բանկի կողմից պահանջի դեպքում՝ ներկայացնել դրանք։
Մասնավորապես, ԱՁ «Սերգեյ Աղայան» փոխանակման կետը դրամարկղում տեղադրված տեսագրման և ձայնագրման համակարգի միջոցով իրականացված գործառնությունների տեսաձայնագրությունները չի պահպանել, և խախտման համար փոխանակման կետի նկատմամբ կիրառվել է նախազգուշացում՝ ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով։
ՀՀ ԿԲ-ն իր կողմից իրականացվող վերահսկողության շրջանակներում պարզել է, որ «ԷՄ ԷՏ ԳՐՈՒՊ»-ը և «ԱՆՈւՇ» տրիկոտաժի արտադրական միավորում ՍՊԸ փոխանակման կետը նույնպես դրամարկղում տեղադրված տեսագրման և ձայնագրման համակարգի միջոցով իրականացված գործառնությունների տեսաձայնագրությունները չի պահպանել։
Այս խախտումների համար փոխանակման կետերի նկատմամբ նույնպես կիրառվել է նախազգուշացում՝ ապագայում նման խախտում թույլ չտալու հանձնարարականով։