Նրա կողմից նշանակված բարձրաստիճան ցանկացած պաշտոնյայի հրաժարական կորուստ չեմ համարում․ փաստաբանի գնահատականը

Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել։

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Iravaban.net-ը կապ է հաստատել փաստաբան Արմինե Ֆանյանի հետ։

Փաստաբանը մեզ հետ զրույցում նշեց, որ երբեք չի ողջունել գործող իշխանության կադրային քաղաքականությունը, նրանց կողմից նշանակված բարձրաստիճան ցանկացած պաշտոնյայի հրաժարական կորուստ չի համարում․«Իմ գնահատմամբ՝ այդ մարդիկ կիսում են այդ անձի (Նիկոլ Փաշինյանի,-խմբ․) քաղաքականությունը, որը ես չեմ կիսում, որովհետև այն կործանարար եմ համարում Հայաստանի Հանրապետության համար նաև այն պայմաններում, երբ այդ անձանցից մի քանիսի աշխատանքին հատկապես ծանոթ եմ։

Բարձրագույն դատական խորհրդի թեթև ձեռքով մեր դատական համակարգը սկսել է ազատվել լավագույն կադրերից, և այդ քաղաքականությունը ես որևէ կերպ չեմ կարող ողջունել»։

Արմինե Ֆանյանը անդրադարձավ հատկապես ԲԴԽ նախագահի աշխատանքին, իրականացրած քաղաքականությանը։ Նրա գնահատմամբ՝ դատական համակարգում սկսվել էր բարեփոխումներ իրականացվել, բազմաթիվ լավ կադրեր կային․ «Այսօրվա ԲԴԽ-ի իրականացրած քաղաքականության արդյունքում ես իմ աչքով եմ տեսնում և իմ վարույթների վրա եմ զգում, թե ոնց է դատական համակարգը իր անկախությունը հետզհետե կորցնում։ Բոլորովին ցավալի կորուստ չէ ինձ համար այդ պաշտոնյաների հրաժարականները։

Մի մասի աշխատանքին մոտիկից ծանոթ չեմ։ Այսօրվա ոստիկանության աշխատանքը փայլուն չեմ գնահատում, որովհետև նրանց օրոք փաստաբաններ են խոշտանգվել, մեր ճնշումների տակ շատ-շատ գնահատականներ փոփոխվեցին, բայց, այնուամենայնիվ, հաճախ ենք լսում նաև մեր վստահորդներից, որ ոստիկանության բաժանմունքներում սկսել են խոշտանգումները։ Հետևաբար՝ ՆԳ նախարարի հրաժարականի լուրը, ևս, ցավալի չէ»։

Մնացած պաշտոնյաների մասով ընդհանրական գնահատականներ տրվեցին։

Փաստաբանը ևս մեկ անգամ ընդգծեց իր դիրքորոշումը՝ դատական համակարգը անկախ չէ գործադիրից․ «Նա ընտրյալ էր, որ եկել էր դատական համակարգը ձերբազատելու պրոֆեսիոնալներից։ Ասեմ Ձեզ՝ մեծ հաջողությամբ իր առջև դրված խնդիրը կատարեց։ Ավելին՝ իրականացված քաղաքականությունը մի շարք դատավորների վրա այնպիսի անդառնալի հետևանք թողեց, որ մարդիկ արդեն վախենում են օբյեկտիվ արդարադատություն իրականացնել։

Դատական համակարգը այդ անձի օրոք կորցրել է իր անկախությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել