«Իրենց հեղինակությունը դրեցին զոհասեղանին»․ փաստաբանը՝ աղմկոտ հրաժարականների մասին

Այսօր հայտնի դարձավ մի շարք բարձրաստիճան պաշտոնյանների աղմկահարույց հրաժարականների մասին։

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով Iravaban.net-ը կապ է հաստատել փաստաբան Մարինե Ֆարմանյանի հետ։

Փաստաբանի կարծիքով՝ դրանք հրաժարականներ չեն, այլ՝ քաղաքական պահանջներ, որպեսզի նշված անձինք լքեն իրենց պաշտոնները․ «Այդ հրաժարական տվող անձանց մեջ կան շատերը, որոնք ունեն կենսագրություն, կենսափորձ և շատ վատ էր, որ իրենք իրենց հեղինակությունը դրեցին զոհասեղանին ու ծառայեցին այսօրվա իշխանությանը, ոչ օրինական պահանջներ կատարեցին։

Ես ընդհանրապես զարմացած չեմ, բացարձակապես, անկեղծ ասած, որովհետև այդպես էլ ենթադրվում էր»։

Նիկոլ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու» մասին հայտարարությունները Մարինե Ֆարմանյանը անվանեց «նոր բարի լույս»․ «Ինքը՝ անձամբ Նիկոլ Փաշինյանը պետք է մասնագետների կարծիքները հաշվի առներ, ինչը որ իր պարագայում զարմանալի կլիներ, ոչ թե թիրախավորեր այն փաստաբաններին, իրավապաշտպաններին, որոնք այդ խնդիրները մատնացույց են անում։

Իմ գնահատմամբ՝ «համբերության բաժակ լցվելը» հերթական բեմադրությունն է, ինչպես ասում են՝ ոչինչ այլևս մեր երկրում ինձ, ցավոք, չի զարմացնում»։

Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 18-ին, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել։

Նման մասշտաբային հեռացումների պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ ուրբաթ օրը արած հայտարարություններն են, երբ նա ասաց, որ դժգոհ է ուժային, դատաիրավական կառույցների կատարած աշխատանքից և դրա վերջը եկել է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել