Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դեկտեմբերի 26-ին քաղաքացիական և վարչական պալատի նախագահի, Արդարադատության խորհրդի աշխատակազմի ղեկավարի և Դատական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնակատարի մասնակցությամբ ՀՀ վարչական դատարանի նախագահին, դատավորներին և դատարանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ դատավորներին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
ՀՀ Նախագահի 2013թ. դեկտեմբերի 12-ի հրամանագրով` ՀՀ վարչական դատարանի դատավորներ են նշանակվել Հրաչ Այվազյանը, Արթուր Ավագյանը, Արման Դանիելյանը, Կարեն Զարիկյանը, Լիանա Հակոբյանը, Մերի Համբարձումյանը, Ալեքսանդրա Հարությունյանը, Միքայել Մելքումյանը և Գևորգ Սոսյանը:
Արդարադատության խորհրդի նիստում, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայությամբ և հանդիսավոր պայմաններում, դատավորները տվել են ՀՀ դատական օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված երդում` ստանձնելով դատավորի պաշտոնը:
Դատավորների հետ նման հանդիպումները, որոնց ընթացքում ավանդույթի համաձայն քննարկվում են դատական իշխանությանն առնչվող բազմաթիվ հարցեր, կրում են նաև աշխատանքային խորհրդակցության ձևաչափ:
Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, օգտվելով ընձեռված հնարավորությունից, հանդիպման ժամանակ դատավորների հետ քննարկել է վարչական արդարադատության իրականացմանն առնչվող, ինչպես նաև կազմակերպչական տարաբնույթ հարցեր: