Կացնով կոտրել է հարևանի մեքենան, պատճառը՝ ընտանի կենդանիներն են եղել

Հոկտեմբերի 22-ին, առավոտյան ժամը 11-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ է ստացվել Աշտարակի Վառոյ ձորակի փողոցի բնակիչ 58-ամյա մի կնոջից: Նա հայտնում էր, որ վեճի ընթացքում ոմն մեկը կացինով կոտրել է իրենց «Նիվայի» ապակիները, լուսարձակն ու շարժիչի ծածկը:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից

Հնարավոր զարգացումները կանխելու նպատակով ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է նշված հասցե: Պարզվել է, որ «ոմն մեկը» նույն փողոցում` հարևանությամբ հողամաս ունի, իսկ ահազանգից մոտ մեկ ժամ առաջ ծագած վեճի թեման ընտանի կենդանիների հողամաս մտնելն էր:

Աշտարակի համայնքային ոստիկանները մեքենան վնասողին հայտնաբերել են իր բնակության վայրում: 36-ամյա տղամարդը ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին:

Ըստ տուժողի` պատճառված վնասը 600 հազար դրամի է:

Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել