ՀՀ վճռաբեկ դատարանը (վարչական պալատը) 25.09.2024թ․ թիվ ՎԴ/9227/05/23 գործով հայտնել է հետևյալ դիրքորոշումը։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը։
«(․․․) Անդրադառնալով Կոնվենցիայի՝ նորմատիվ իրավական ակտ հանդիսանալու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․ վավերացման միջոցով միջազգային պայմանագիրն ընդգրկվում է ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԴԱՌՆՈՒՄ ԴՐԱ ՄԻ ՄԱՍՆԻԿԸ ՝ օժտվելով պարտադիր կիրառելիության հատկանիշով։ Ընդ որում, միջազգային պայմանագիրն այդպիսով ոչ միայն դառնում է իրավական համակարգի մի մասը, այլև ընդգրկվում է ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ և ՀԱՎԱՍԱՐԵՑՎՈՒՄ ազգային ՕՐԵՆՔՆԵՐԻՆ, ըստ այդմ՝ ներպետական օրենսդրության ԱՍՏԻՃԱՆԱԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ՀԱՋՈՐԴԵԼՈՎ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ, զբաղեցնում է իր ուրույն տեղը»։
Երեկ ՌՀՀ իրավունքի ինստիտուտի գիտական խորհրդի ընդլայնված նիստում քննարվել է Վճռաբեկ դատարանի՝ իրավագիտության տարբեր ճյուղերի (ոլորտների) համար կարևոր նշանակություն ունեցող նշված դիրքորոշումը, մասնավորապես՝
1) արդյոք միջազգային պայմանագիրը ՀՀ օրենսդրության մաս է․
2) արդյոք միջազգային պայմանագիրը (ՄՊ) իրավական նորմերի աստիճանակարգությունում հաջորդում է ՀՀ Սահմանադրությանը․
3) արդյոք ՀՀ վարչական դատարանն իրավասու է ենթաօրենսդրական ակտն անվավեր ճանաչել անմիջապես ՄՊ-ին հակասելու հիմքով․
Զեկուցում հայտնել եմ, որ Վճռաբեկ դատարանը`
1) Միջազգային պայմանագիրը որակելով որպես օրենսդրության մաս, առանց որևէ իրավաչափ նպատակի հակադրվել է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ Օրենսդրության և օրենսդրական ակտերի բնորոշումներին, որի արդյունքում «վերակենդանացրել է» մի քանի տասնամյակ առաջ իրավունքի պաշտոնական աղբյուրների համակարգում առկա խառնաշփոթը․
2) փորձել է լուծել տևական ժամանակ դոկտրինում լուծում չգտած՝ ՄՊ-ի և Սահմանադրության կոլիզիոն նախապատվության հարցը և բառի ուղիղ իմաստով ՈՉՆՉԻՑ (ex nihilo), բացարձակապես առանց որևէ հիմնավորման պարզապես ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է որ ՄՊ-ը ներպետական օրենսդրության աստիճանակարգությունում հաջորդում է ՀՀ Սահմանադրությանը։
3) «Հորինել է» ենթաօրենսդրական ակտը՝ միջազգային պայմանագրին հակասելու հիմքով (նորմավերահսկողության ձևով) անվավեր ճանաչելու Վարչական դատարանի իրավասությունը, որը՝ որպես գաղափար «չծնված» արդեն իսկ մահացած է, քանի որ գործնականում դժվար է պատկերացնել մի իրավիճակ, երբ դասական իմաստով ենթաօրենսդրական ակտը ուղիղ կհակասի միջազգային պայմանագրին, չհակասելով օրենքին կամ սահմանադրությանը։
Այս դիրքորոշմամբ Վարչական դատարանները, ամենայն հավանականությամբ, կփորձեն շրջանցել սահմանադրական արդարադատությունը։