Հոկտեմբերի 8-ին, ժամը 19.57-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աբովյան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի Անկախության փողոցի տներից մեկը, որտեղ պարզվել է, որ մայրը հայտնաբերել է 34-ամյա որդու՝ Ազատ Նիկողոսյանի դիակը:
«Արտաքին զննությամբ դիակի գլուխը և ձեռքերը արյան մեջ են եղել:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ժամը 15-ի սահմաններում նշված տան ննջասենյակում Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը մուրճով մի քանի անգամ հարվածել է Ազատ Նիկողոսյանի գլխին, ով տեղում մահացել է: Այնուհետև 42-ամյա տղամարդը հափշտակել է Ազատ Նիկողոսյանի պարանոցի ոսկյա շղթան և դիմել փախուստի:
Կոտայքի բաժնի ոստիկանները ժամը 20.30-ին 42-ամյա տղամարդուն Ազատության փողոցի իր տանը հայտնաբերել, նշված հանցանքը կատարելու հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալել և տեղափոխել են բաժին: Բաժնում նա խոստովանել է արարքը և հայտնել, որ հանցագործության գործիք մուրճը թաքցրել է իրենց տան նկուղում:
Սպանության վերաբերյալ կազմված փաստաթղթերը և Ձորաղբյուր գյուղի 42-ամյա բնակիչը ներկայացվել են Աբովյանի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են»,-հայտնում են ոստիկանությունից։