«Չեմ կարծում, որ համաշխարհային համատեքստը կամ գլոբալ հանքարդյունաբերության ոլորտը բավականաչափ գիտեն Հայաստանի մասին»․ Մասումա Ֆարուկի

Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման ռազմավարության աշխատանքային խմբի ղեկավար Մասումա Ֆարուկին կարծում է, որ ռազմավարության վրա աշխատանքն իր ամենալավ փորձերից մեկն է եղել։

-Որո՞նք են այն նոր ձևավորվող տեխնոլոգիաները, որոնք նշանակալից ազդեցություն կունենան հանքարդյունաբերության վրա՝ արդյունավետության և բնապահպանական ռիսկերը մեղմելու առումով:

-Տեխնոլոգիական ուղղությունը ընթանում է երկու ճանապարհով, քանի որ հանքարդյունաբերությունը դժվար վերափոխվող ոլորտ է, և մենք այժմ դիտարկում ենք արդյունավետությունը: Արդյունավետությունը կարող է նշանակել երկու տարբեր բաներ: Դուք օգտագործում եք ավելի քիչ էներգիա և ջուր նույն քանակությամբ նյութեր արտադրելու համար, և կլիմայական ճգնաժամի պայմաններում ջուրն ու էներգիան ակնհայտորեն կարևոր ասպեկտներ են։ Այսպես դուք ունեք երկու տարբերվող տեխնոլոգիաներ։ Տեխնոլոգիաների առաջին խումբը վերաբերում է նրան, թե մենք ինչպե՞ս ենք էլեկտրաֆիկացնում հանքարդյունաբերության սարքավորումները, ինչպես ենք վերամշակում ջուրը, ինչպես ենք մենք օգտագործում ծովի ջուրը ստորերկրյա ջրերի փոխարեն, որպեսզի այդ տեխնոլոգիաները հանքարդյունաբերության ոլորտում աշխատեն: Տեխնոլոգիաների երկրորդ խումբը վերաբերում է արդյունահանման արդյունավետությանը, և արհեստական ​​բանականությունը հսկայական դեր է խաղում դրանում։ Եթե դուք ունեք անօդաչու թռչող սարք, որը կարող է 100 անցք փորելու փոխարեն, ավելի լավ քարտեզագրել գետնի մակերևույթը, որի արդյունքում դուք փաստացի ծախսում եք ավելի քիչ ժամանակ և ջանք՝ ճիշտ ռեսուրսներ գտնելու համար:

-Տիկին Ֆարուկի, Դուք ղեկավարել եք Հայաստանի հանքարդյունաբերության զարգացման ռազմավարության աշխատանքային խումբը։ Կարո՞ղ եք կիսվել այդ աշխատանքների վերաբերյալ մանրամասներով, ինչ փորձառություն եք Դուք բերել այդ գործընթաց:

-Հայաստանի հանքարդյունաբերության ռազմավարության վրա աշխատելը միշտ կլինի իմ ամենալավ փորձերից մեկը։ Նրանք այդ աշխատանքներում ներգրավեցին մարդկանց, որոնք տիրապետում էին հանքարդյունաբերության ոլորտի բոլոր նրբություններին, և նրանք գիտեն, թե ինչ առաջընթաց է անհրաժեշտ։ Խումբը լավ աշխատեց մի շատ պարզ պատճառով, քանի որ բոլորն էլ ցանկանում էին ավելի լավ հանքարդյունաբերության ոլորտ ստեղծել, ուստի իմ դերը հիմնականում գործընթացն ուղղորդելն էր՝ համոզվելու համար, որ ճիշտ մարդիկ են խոսում։ Որովհետև մենք երբեմն մտածում ենք, որ բնապահպանը և հարկայինի աշխատողը կարիք չունեն իրար հետ խոսելու, բայց նրանք պետք է խոսեն, ուստի դա համատեղ աշխատանք էր: Եվ, անկեղծ ասած, ամենահեշտ աշխատանքից մեկը, որ ես երբևէ արել եմ, քանի որ նրանք գիտեին իրենց գործը։ Ես ուղղակի կառավարում էի նրանց մտքի գործընթացը, բայց դա նաև հիանալի փորձ էր, որովհետև ես նաև սովորում էի նրանցից։ Ես կարծում եմ, որ Հայաստանը շատ բան ունի առաջարկելու, և դա կլինի այն բաներից մեկը, երբ մենք խոսում ենք մեծանալու կամ մնացած աշխարհի հետ ներգրավվելու մասին։ Չպետք է լինի այն գաղափարը, որ ամեն ինչ պետք է ներմուծվի։ Կարծում եմ՝ կան համայնքի ներգրավման և հարկման մոդելներ, որոնք արժեք են ավելացնում, և Հայաստանը կարող է կիսվել դրանով այլ փոքր երկրների հետ։ Ես պարզապես չեմ տեսել, որ դա տեղի ունենա, և ես կցանկանայի տեսնել, որ դա տեղի ունենա:

-Ձեր պատկերացումներով Հայաստանի հանքարդյունաբերության լանդշաֆտը, ի՞նչ հնարավորություններ եք տեսնում, որոնք կարող են ներգրավել միջազգային ներդրողներին դեպի ոլորտ:

-Գնացեք և խոսեք Ձեր մասին, դա ամենահեշտ բանն է: Ձեր տնային աշխատանքն է պարզել, թե ինչպիսի՞ ներդրող եք ուզում։ Դուք ուզում եք որոշակի պատասխանատու, կայուն ներգրավված ներդրող։ Պարզեք, թե ովքե՞ր են այդ մարդիկ, որտե՞ղ են նրանք և գնացեք խոսեք նրանց հետ, և դա ներդրումներ ստանալու ամենապարզ միջոցն է: Չեմ կարծում, որ համաշխարհային համատեքստը կամ գլոբալ հանքարդյունաբերության ոլորտը բավականաչափ գիտեն Հայաստանի մասին:

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել