Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիագումար նիստերին:
Աշխատանքները մեկնարկել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ողջույնի խոսքով: Քննարկվել և հաստատվել են գագաթնաժողովի օրակարգային հարցերը, նախագծերն ու ընթացակարգերը: Մասնավորապես, քննարկվել են կազմակերպության անդամակցության կամ կարգավիճակի փոփոխության դիմումները: Հաջորդիվ Ֆրանկոֆոնիայի կազմակերպության նախարարական համաժողովի նախագահը հանդես է եկել զեկույցով` նախարարական համաժողովի 45-րդ նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: Ներկայացվել է նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի գործունեության վերաբերյալ հաշվետվությունը:
Տեղի է ունեցել լիագումար նիստ` «Ստեղծագործել, նորարարությամբ զբաղվել և նախաձեռնել ֆրանսերենով` երիտասարդների զբաղվածության համար» թեմայով: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանում երիտասարդների շրջանում ֆրանսերենի տարածման քայլերին, միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ ծրագրերի իրականացմանը: Վարչապետը մասնակցել է նաև «Միջազգային քաղաքական իրավիճակ. վերափոխված բազմակողմ քաղաքականություն» թեմայով դռնփակ նիստին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: