Փարիզում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հանդիպումը

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:

Կանադայի վարչապետը նշել է, որ իր համար մշտապես հաճելի է հանդիպել Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ և հավելել, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է խոսել երկու երկրների միջև զարգացող հարաբերությունների, մարդկանց միջև շփումների, նաև Կանադայի ամուր հայկական համայնքի մասին։ Ջասթին Թրյուդոն կարևորել է Հայաստանում դեսպանության բացումը, ինչը կողմերին համագործակցության լայն հնարավորություններ է տալիս:

Վարչապետ Փաշինյանը ևս կարևորել է Երևանում Կանադայի դեսպանության բացումը և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ այսօրվա հանդիպումը լավ հնարավորություն է տալիս կիսվել տարածաշրջանում տեղի ունեցող կարևոր զարգացումների, Հայաստանում ժողովրդավարական օրակարգի, անվտանգային, տնտեսական իրավիճակի մասին։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Կանադայի Կառավարության աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և հույս հայտնել, որ այդ քաղաքական աջակցությունը կփոխակերպվի տնտեսական համագործակցության զարգացման:

Հաջորդիվ զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների արդյունքներին, տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հնարավորություններին: Այս համատեքստում, վարչապետ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը` ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է գնալ ապաշրջափակման` ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա:  

Ջասթին Թրյուդոն ողջունել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու ընդգծել տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովմանն ուղղված հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել