ԶՊՄԿ-ն, ԵՊՀ-ն և ՏԿԵՆ-ը երկրաբանության ոլորտում համատեղ ծրագրեր կիրականացնեն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ), Երևանի պետական համալսարանն (ԵՊՀ) ու ՀՀ Տարածքային և ենթակառուցվածքների նախարարությունը (ՏԿԵՆ) եռակողմ հուշագիր են կնքել։ Փաստաթուղթը ստորագրել են ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։ Կողմերը համաձայնել են միավորել ջանքերը երկրաբանության, հանքարդյունաբերության, հանքավայրերի շահագործման, լեռնամետալուրգիական, հիդրոերկրաբանության և այլ ոլորտներում՝ գիտահետազոտական աշխատանքներ, համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Հուշագրի ստորագրման արարողությունը կայացել է միջազգային երկօրյա Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի (Mining Armenia Forum) շրջանակներում։

ԵՊՀ նշյալ ուղղությունների ուսանողները հնարավորություն կստանան ԶՊՄԿ-ում մասնակցելու արտադրական պրակտիկաների, փորձնակության ծրագրերի, մաս կազմելու ընկերության զարգացման ծրագրերի նախագծմանն ու փորձի փոխանակման այլ ձևաչափերով միջոցառումներում ընդգրկմանը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին, մասնավորապես, ընդգծել է, որ կրթությունը ընկերության սոցիալական ծրագրերի կարևորագույն բաղադրիչն է։ «Գործնական գիտելիքների ձեռքբերումն ու ամրապնդումը, գիտահետազոտական ​​աշխատանք կատարելը ժամանակակից և հագեցած լաբորատորիաներում նոր որակ է հաղորդում կրթությանը։ Նման համատեղ ծրագրերի միջոցով մենք ոչ միայն զարգացնում ենք երիտասարդ սերնդի մասնագիտական ​​հմտություններն ու հետազոտական ​​ներուժը, այլև մեծացնում ենք հետաքրքրությունը հանքարդյունաբերության մի շարք առանցքային մասնագիտությունների նկատմամբ։ Որպես պատասխանատու ընկերություն՝ մենք հասկանում ենք մասնավոր հատվածի և բուհերի համագործակցության կարևորությունը և մշտապես մեր ուշադրության կենտրոնում ենք պահում այդ համագործակցությունը»,- ասել է Ռոման Խուդոլին։

Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի խոսքով` այս համագործակցությունը լավագույն օրինակն է, որ գիտությունը և արդյունաբերությունը պետք է քայլեն միասին՝ միմյանց ուժեղացնելու և շարունակական առաջընթաց գրանցելու համար: «Համատեղ ուժերով մենք կկարողանանք մեր երկրի համար կարևորագույն ոլորտներում միավորել մեր ներուժն ու ռեսուրսները՝ նպաստելով կրթական ծրագրերի արդիականացմանը, նորարարությունների ներդրմանն ու երկրի տնտեսության կայուն զարգացմանը։ Համագործակցությունը հնարավորություն կընձեռի նաև մեր ուսանողներին ու հետազոտողներին փորձարարական հարթակներում աշխատելու և առաջատար մասնագետների հետ փորձի փոխանակում իրականացնելու, ինչը էական նշանակություն կունենա գիտահետազոտական աշխատանքների արդյունքների կիրառման և արդիականացման հարցում»,-նշել է ԵՊՀ ռեկտորը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն էլ պատրաստակամություն է հայտնել ապաhովել պրակտիկայի անցկացումը ՀՀ ՏԿԵ նախարարությունում և «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում և տրամադրել ՊՈԱԿ-ում առկա նյութերը՝ գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու նպատակով։

«Բոլոր մասնագիտություններով աշխատուժի որակավորումը մեզ համար առաջնային կարևորության հարցերից է, որից անմասն չեն մնում նաև երկրաբանության ու հանքագործության ոլորտները։ Այս մասնագիտությունների գծով թափուր մնացող տեղերը մեզ համար ազդակ են գործելու և լուծումներ փնտրելու։ Բանակցելով կողմերի հետ՝ մի քանի ուղղություններով համագործակցություններ ենք հաստատել և նպատակ ունենք նպաստել այս կարևոր ոլորտներում ավելի մեծ թվով ուսանողների ներգրավվմանն ու հետագայում նրանց միջոցով զարգացման ապահովմանը»,-ընդգծել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

Հուշագրով նախատեսված գործողություններն ուժի մեջ են մտնում ստորագրման պահից հինգ տարի ժամկետով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել