Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Եվրաքվեի ստորագրահավաքի վերաբերյալ հրավիրված ասուլիսին ներկայացվեցին առաջին 15 օրվա արդյունքները։
«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն ասաց՝ ընդհանուր առմամբ գոհ են ընթացքից, քանի որ բավականին լավ ցուցանիշներ են արձանագրվել։ Ստորագրահավաքն իրականացվում է ՀՀ բոլոր 10 մարզերում և Երևանում, ընդհանուր առմամբ, 44 խոշորացված համայքներում, առաջին 15 օրվա ընթացքում հավաքվել է 27 հազար 560 ստորագրություն՝ 55, 12 տոկոսն ընդհանուր 50 հազարից, որն անհրաժեշտ է հավաքագրել։
«Ցավոք սրտի, էլեկտրոնային համակարգը պատշաճ կերպով չի գործել, քանի որ մենք մինչև օրս չունենք ամբողջական հնարավորություն մարդկանց էլեկտրոնային ստորագրությունները կիրառելու, այսինքն՝ մարդիկ ունեն միայն հին նմուշի նույնականացված քարտերով ստորագրելու հնարավորություն, այն էլ, երբ կա ընթերցող սարք»,-ասաց նա։
Առավել ակտիվ ստորագրահավաք է ընթանում Շիրակի, Արարատի, Կոտայքի, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում։
Այս օրենսդրական նախագծի հեղինակ Արտակ Զեյնալյանն ասաց, որ սա քաղաքացիական նախձեռնություն է․ «Օրենքի էությունը հետևյալն է՝ ՀՀ-ն հռչակում է Եվրոպական միությանը ՀՀ-ին անդամակցության գործընթացի մեկնարկը»։
Մանրամասները՝ տեսանյութում։