Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց ՆԳՆ կրթահամալիրի և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի միավորմանը, որի արդյունքում կձևավորվի մեկ միասնական ուսումնական հաստատություն։
Օրենսդրական նախաձեռնությունը միտված է Ներքին գործերի նախարարության համակարգում ոստիկանների և փրկարար ծառայողների կրթության հայեցակարգային փոփոխությանը: Այս մասին հոկտեմբերի 1-ի նիստի ժամանակ ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Ոստիկանությունում ծառայության մասին» և կից օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:
Նախագծին կողմ քվեարկեց 60 պատգամավոր, 29-ը՝ ձեռնպահ։
Զեկուցողի խոսքով՝ այս պահին նախարարության ենթակայությամբ գործում է երկու ուսումնական հաստատություն` ՆԳՆ կրթահամալիրը և Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու ուսումնական հաստատությունները տարբեր ձևաչափերով են ապահովում կրթության կազմակերպման և կադրերի պատրաստման մասով նախարարության կողմից մշակված քաղաքականությունը, Կառավարությունն առաջարկում է դրանք միավորել` ձեւավորելով ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն:
«Անցումային ժամանակահատվածում ՆԳ նախարարը մինչեւ մեկ տարի ժամկետով կնշանակի ժամանակավոր ռեկտորի պաշտոնակատար, որին բաց և թափանցիկ մրցութային ձեւաչափով կհաջորդի ռեկտորի ընտրության ընթացակարգը»,- տեղեկացրել է Արփինե Սարգսյանը: Ըստ նրա` ցանկացած անձ, որը կցանկանա մուտք գործել թե’ ոստիկանական եւ թե’ փրկարարական ծառայության համակարգ, պետք է ուսումնական գործընթացն անցնի հենց ձեւավորվող կրթահամալիրում:
Անդրադառնալով համակարգում պարտադիր վերապատրաստման կանոններին` փոխնախարարն ընդգծել է` առաջարկվում է ոստիկանների եւ փրկարար ծառայողների համար ունենալ տարեկան պարտադիր վերապատրաստման համակարգ:
Պատասխանելով պատգամավորների հարցերին` զեկուցողը նշել է, որ ձեւավորվող ուսումնական հաստատությունը հետագայում տեղ է գտնելու Ակադեմիական քաղաքում: