Iravaban.net-ի նյութը «Լավագույն հոդված» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Հանքարդյունաբերություն-2024» լրագրողական մրցույթում

Տնտեսական լրագրողների ակումբն ու Հանքագործների և մետալուրգների միությունն արդեն երկրորդ տարին կազմակերպում են «Հանքարդյունաբերությունը Հայաստանում» թեմայով լրագրողական նյութերի մրցույթ․ այս տարի՝ «Հանքարդյունաբերություն-2024»:

Iravaban.net-ի հետ զրույցում Տնտեսական լրագրողների ակումբի նախագահ Աննա Բաղդասարյանը նշեց, որ այս տարի լրագրողներին հնարավորություն է տրվել հանքարդյունաբերությունը դիտարկել բոլոր կողմերից․ «Եվ տնտեսության վրա ազդեցության առումով, և՛ սոցիալական պատասխանատվության, ինչպես նաև բնապահպանական խնդիրների ու նորագույն տեխնոլոգիաների կիրառման առումով»։

Մոնիթորինգի արդյունքում մրցույթում ընդգրկվել է 52 նյութ, որոնցից 22-ն են ներկայացվել մրցութային հանձնաժողովին։ Այս նյութերից էլ 3-ն են արժանացել մրցանակների։ «Լավագույն հոդված» անվանակարգում հաղթող է ճանաչվել Iravaban.net-ի նյութերից մեկը, որի հեղինակը կայքի նախկին խմբագիր Ալիսա Չիլինգարյանն է (Հանքարդյունաբերությունը և ՏՏ ոլորտը՝ ՀՀ տնտեսությունում․ «Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ հրաժարվել հանքարդյունաբերությունից»):

«Լավագույն հեռուստատեսանյութ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Առաջին Ալիքի լրագրող Անի Օհանյանի նյութը՝ «Երևանի հանքերի բնապահպանական վնասն ու դրա տնտեսական բաղադրիչը», «Լավագույն տեսանյութ» անվանակարգում՝ Factor.am-ի լրագրող Գայանե Խաչատրյանի տեսանյութը՝ «Կամ կենդանի դուրս կգանք, կամ՝ ոչ․ ինչո՞ւ են հանքափորները մահանում ոսկու  հանքերում», ոլորտը ակտիվ լուսաբանելու համար էլ հատուկ մրցանակի է արժանացել «Հրապարակ» օրաթերթի և կայքի լրագրող Լիա Սարգսյանը։

«Տնտեսական լրագրողների ակումբն այս տարի առաջին անգամ մրցույթ էր հայտարարել նաև սփյուռքի լրատվամիջոցների լրագրողների համար՝ նպատակ ունենալով սփյուռքի լրագրողներին ևս ներառել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը լուսաբանելու, խնդիրների վեր հանելու գործընթացում»,-նշեց Աննա Բաղդասարյանը։ 

Հավելենք նաև, որ մրցանակները հանձնվել են Հայաստանի հանքարդյունաբերական երկօրյա ֆորումի ժամանակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել