«Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը Ազգային ժողովում է, կներկայացվի խորհրդարանի վավերացմանը։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը հրապարակեց կանոնակարգի վերաբերյալ որոշումը, այն համապատասխանում է Սահմանադրությանը։ Այն ստորագրվել է 2024թ. օգոստոսի 30-ին, հայաստանյան կողմից՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կողմից:
Հիմնավորման մեջ նշվում է, որ պետական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի Հանրապետության համար ունի անվտանգային նշանակություն և այդ գործընթացում Հայաստանն առաջնորդվում է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանության, ՀՀ անվտանգության և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների ապահովման, սահմանային հարցերի խաղաղ լուծման սկզբունքներով:
«Կանոնակարգով, մասնավորապես, նախատեսվում է սահմանազատման աշխատանքների իրականացման կազմակերպում եւ դրանց շրջանակներում համապատասխան ուղեցույցների/փաստաթղթերի ընդունում, պետական սահմանագծի անցման Արձանագրություն-նկարագրության, համապատասխան մասշտաբի սահմանազատման քարտեզի կազմում, սահմանազատման փորձագիտական խմբերի գործունեության իրականացում, սահմանազատման փաստաթղթերի ձեւակերպում եւ հրատարակում: Նախատեսվում է նաեւ սահմանազատման գործընթացում համապատասխան քարտեզագրական փաստաթղթերի, նորմատիվ իրավական եւ իրավաբանորեն հիմնավորված այլ փաստաթղթերի օգտագործումը, որն էլ հնարավորություն է ստեղծում երկկողմ մակարդակով ամրագրելու Հայաստանի պետական սահմանի միջազգային-իրավական կարգավիճակը:
Կանոնակարգը եւ դրա հիման վրա ընդունվող փաստաթղթերը լրացնում են Հանձնաժողովների գործունեության իրավական հիմքերը, որոնք ուղղված են սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքների բնականոն ընթացքին: Դրանով կարգավորվում են նաեւ հետագայում Հանձնաժողովների աշխատանքների արդյունքում երկու պետությունների միջեւ կնքվելիք Պետական սահմանի մասին պայմանագրին առնչվող ընթացակարգային հարցերը, որում ՀՀ պետական սահմանի միջազգային իրավական հիմքերի ամրագրումը ՀՀ անվտանգության ամրապնդման, ինչպես նաեւ սահմանների անքակտելիության եւ տարածքային ամբողջականության ապահովման իրավական երաշխիքներից է:
Կանոնակարգը կայուն մեխանիզմներ, համապատասխան գործիքակազմ, ինչպես նաեւ ինստիտուցիոնալ հիմք է ստեղծում երկու պետությունների միջեւ սահմանային հարցերը կարգավորելու համար:
Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով պետական սահմանի սահմանազատման աշխատանքների իրականացման իրավական հիմքերի ապահովման կարեւորությունը, ինչպես նաեւ հիմք ընդունելով «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի դրույթները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը նպատակահարմար է գտնում «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» 2024թ. օգոստոսի 30-ի կանոնակարգի վավերացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից: Այն համապատասխանում է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը»,-նշվում է հիմնավորման մեջ: