Հայաստանի կառավարությունն ու Ազգային ժողովը կարող են կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու որոշում կայացնելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան, եթե կուսակցությունը գործունեության ընթացքում թույլ է տվել օրենքի կոպիտ խախտում, հայտնում են Արդարադատության նախարարությունից։
1. եթե կուսակցությունը օրենքով չթույլատրված կամ օրենքով սահմանված չափը գերազանցող նվիրատվությունները օրենքով սահմանված ժամկետում չի փոխանցել պետական բյուջե կամ նվիրատուին,
2. դիտավորությամբ խախտել է իր տարեկան հաշվետվությունը սահմանված ժամկետում և կարգով հրապարակելու կամ լիազոր մարմնին ներկայացնելու կարգը,
3. դիտավորությամբ խախտել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրելու կարգը
և վերոնշյալ արարքներից որևէ մեկը կատարելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության, որից հետո Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գրավոր նախազգուշացվել է կուսակցության գործունեությունը կասեցնելու հնարավորության մասին, սակայն նախազգուշացվելուց հետո 30-օրյա ժամկետում չի վերացրել խախտումը, ապա նման արարքը համարվում է օրենքի կոպիտ խախտում:
Եթե գրավոր նախազգուշացվելուց հետո 30-օրյա ժամկետում կուսակցությունը շարունակում է չվերացնել խախտումը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ մասին անհապաղ տեղեկացնում է Ազգային ժողովին և Կառավարությանը՝ կուսակցության գործունեությունը կասեցնելու վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հարցով:
Առերևույթ օրենքի կոպիտ խախտում թույլ տված կուսակցությունները 6-ն են՝ «Հայոց համազգային շարժում» կուսակցություն, «Հայք» լիբերալ կուսակցություն, «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցություն, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն, «Համախմբում» կուսակցություն, «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն:
Նշվածը հաշվի առնելով՝ Արդարադատության նախարարությունը իրազեկում և հորդորում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված բոլոր կուսակցություններին՝ այսուհետ ապահովել «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով սահմանված իրենց պարտականությունների իրականացումը, այդ թվում՝ սահմանված ժամկետներում հրապարակել և լիազոր մարմին ներկայացնել կուսակցության տարեկան հաշվետվությունները, իսկ հնարավոր խախտում թույլ տված կուսակցություններին՝ հնարավոր սեղմ ժամկետում վերացնել թույլ տրված խախտումները, մասնավորապես՝ օրենքով սահմանված կարգով հրապարակել և Լիազոր մարմին ներկայացնել հաշվետու տարվա ընթացքում կուսակցության ստացած և ծախսած միջոցների մասին հաշվետվությունը, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրել տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կուսակցության տարեկան հաշվետվության ստուգման համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելու պահանջը ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից: