Տարածաշրջանյացման քաղաքականությունը երբեք հակաարեւմտյան չէ, եւ մեր արեւմտյան քաղաքականությունը երբեք հակատարածաշրջանյացման չէ, դրանք բալանսավորված են: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Հայկական երկրորդ գլոբալ գագաթնաժողովի պանելային քննարկմանը հայտարարեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
«Երբ ասում ենք՝ բալանսավորում, դա նշանակում է նաեւ տարածաշրջանի մեր գործընկերների հետ աշխատանք, դա նշանակում է արտատարածաշրջանային մեր գործընկերների հետ աշխատանք, դա նշանակում է աշխատել եւ Արեւմուտքի հետ, եւ հեռավոր Ասիայի երկրների հետ՝ Չինաստան, Ճապոնիա, Հարավային Կորեա եւ այլն:
Մի հավատամք կա Հայաստանի հանրային դիսկուրսում, որ մեր ժողովրդավարության պաշտպանությունը հնարավոր է Արեւմուտքի հետ հարաբերություններ կոնտեքստում: Բայց ես ուզում եմ հիշեցնել, որ 2018-ի հեղափոխությունը եւ 2021-ի շատ ծանր քաղաքական պրոցեսները Հայաստանն անցել է ամենածխանր աշխարհաքաղաքական միջավայրում: Հայաստանի ժողովրդավարությունը հաջողություն է ունեցել, որովհետեւ ՀՀ ժողովուրդն ուզեցել է ժողովրդավար ապրել: Ոչ ոք դրսից մեր ժողովրդավարությունը չի կայացնելու: Դա լինելու է միայն մեր որոշումով:
Ես շատ սխալ եմ համարում մեր ժողովրդավարությունը կապել արտաքին միջավայրի հետ: Հենց դա կապեցինք արտաքին միջավայրի հետ, մենք մեծ ձախողում ենք ունենալու»,-ասաց Արմեն Գրիգորյանը:
Նա մանրամասնեց. «Մեր ձախողումն ո՞րն է եղել. առաջնային անվտանգության համակարգի մեխանիզմը սա է եղել. անվտանգության սպառնալիքի դեպքում զանգել Մոսկվա, ուրիշ որեւէ տարբերակ կամ մեխանիզմ չկա: Այժմ այդպես չէ, այժմ առաջնահերթ մենք ենք որոշում որոշումներ կայացնել»,- ընդգծեց ԱԽ քարտուղարը: