Ադրբեջանին ենք փոխանցել մեր հերթական խմբագրական առաջարկները, որոնցում բացառապես Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն փոխհամաձայնեցված տեքստն է․ Արարատ Միրզոյան

 ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ մամուլի ասուլիսին․

«Հարգելի՛ պարոն նախարար, թանկագին բարեկամ, հարգելի’ գործընկերներ,

Ուրախ եմ ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում:

Ես տարբեր առիթներով, այդ թվում նաև` այս ամբիոնից բազմիցս առիթ ունեցել եմ խոսելու Հայաստանի և Ֆրանսիայի միջև ջերմ բարեկամության և ամուր գործընկերության մասին, նշել եմ այդ հարաբերությունների առանձնաշնորհյալ բնույթը: Ուզում եմ հիմա ուղղակի հավելել, որ այդ հարաբերությունների հիմքում կա մի շատ ուժեղ շարժիչ ուժ: Դա իսկապես ամուր բարեկամությունն է, որը կա մեր ժողովուրդների միջև, պատմականորեն մեր երկրների միջև: Դա այն ամուր գործընկերությունն է, որը կա և, կրկին, ընկերությունն ու գործընկերությունը, բոլոր մակարդակներում՝ երկրի ղեկավարներ, կառավարություններ, առանձին գերատեսչություններ, խորհրդարաններ, բոլոր ոլորտներում՝ քաղաքականություն, մշակույթ, տնտեսություն: Շատ ուրախ եմ տեսնել, որ այդ օրակարգը գնալով ավելի հարստանում է, և առանձին նոր բաղադրիչներ են ավելանում:

Ուզում էի առանձին նշել, օրինակ՝ տնտեսության և ընդհանրապես Հայաստանի դիմակայունության ուղղությունը: Մենք երեկ, հարգելի՛ գործընկերներ, առիթ ունեցանք այցելել Վեդիի ջրամբար, որի շինարարությունն արդեն ավարտվում է, շուտով կհանձնվի շահագործման: Սա շատ կոնկրետ և շոշափելի օրինակ է Հայաստանի և Ֆրանսիայի գործընկերության, Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամության: Բայց սա մեր օրակարգում եղած տարբեր ծրագրերից մեկն է միայն, և հուսանք առաջիկայում նոր այդպիսի դրսևորումներ կտեսնենք:

Ես ուզում եմ նշել ժողովրդավարության և Եվրոպական միության գործընկերության խորացման հարցում Ֆրանսիայի ամուր աջակցությունը: Տեղյակ եք, որ մենք արդեն պաշտոնապես Եվրոպական միության հետ մեկնարկեցինք վիզաների ազատականացման մասին երկխոսությունը: Արդեն եղավ որոշում, և Հայաստանը կստանա աջակցություն խաղաղության գործիքի ներքո: Բոլորդ գիտեք, որ արդեն երկու տարուց ավել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը մոնիթորինգի է ենթարկում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը: Այս և բազմաթիվ այլ բաներ, որոնց մասին ես հիմա չնշեցի, կամ որոնք դեռ պատրաստվում են: Այս ամենը եղել է նաև Ֆրանսիայի ամուր աջակցությամբ, և կրկին միայն երկկողմ օրակարգով չէ, որ սահմանափակվում է մեր գործընկերությունը:

Մյուս հարցը՝ տարածաշրջանային կայունությունը: Ուզում եմ ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի ամուր նվիրվածությունը խաղաղության օրակարգին: Կրկին բազմիցս խոսել ենք, տեղյակ եք, որ փոխանցել ենք մեր հերթական խմբագրական առաջարկները, որոնցում բացառապես Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն փոխհամաձայնեցված տեքստն է: Տարբեր շատ գործընկերներ տարբեր փուլերում ներկա են եղել այս գործընթացին, նկատի ունեմ, գործընկեր պետություններ, բայց ուզում եմ նորից նշել Ֆրանսիայի աջակցությունն այս գործընթացին Հայաստանին, Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության հաստատմանը, այդ տեսլականին, և այս ամենի համար ևս ուզում եմ և մեր երախտիքը հայտնել և ասել, որ այդ աջակցությունը շատ զգալի է և կարևոր:

Ամփոփելով կրկին ասեմ, որ մենք օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրն այն տեքստով, որն արդեն համաձայնեցված է Ադրբեջանի և Հայաստանի միջև: Համաձայնագիր, որով ըստ էության երկու երկրները միմյանց տարածքային ամբողջականությունը կճանաչեն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Մի փաստաթուղթ, որը սահմանում էր, ի թիվս այլ բաների, Հայաստանի և Ադրբեջանի սահմանները. դրանք այն սահմաններն են, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության շրջանում, դրա փլուզման պահին երկու երկրների միջև:

Իհարկե, մենք անդրադարձել ենք մեր փոխգործակցությանը նաև բազմակողմ տարբեր հարթակներում, որտեղ Ֆրանսիան շարունակաբար իր աջակցությունն է ցուցաբերել. այստեղ ևս օրակարգում անելիքներ կան, և մենք առաջիկայում կտեսնենք այդ գործում դրսևորումները ևս:

Շնորհակալ եմ, թանկագին բարեկամ, այցի համար, մեր ունեցած խոսակցության համար և ընդհանրապես մեր ամուր համագործակցության համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել