Ըստ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի՝ դպրոցներում միջոցառումների անցկացման մշակույթը փոխելու կարիք կա, այս մասին նա ասաց այսօր՝ սեպտեմբրի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Կարծում եմ՝ ունենք խնդիր և այդ խնդիրը բոլորս էլ տեսնում ենք, որ միշտ չէ, որ «Վերջին զանգի» արարողություններն արտացոլում են չափորոշիչով սահմանված նաև այն արժեքները և այն շեշտադրումները, որ մենք ուզում ենք տեսնել դպրոցներում։ Կարծում ենք, որ ունենք շատ ավելի կարիք քաղքենիական միջավայրից անցում անելու դեպի իրական արժեքները, որոնք պետք է լինեն մեր դպրոցի բովանդակությունը։ Ներգրավելու ենք նաև մեր մշակույթի ոլորտի մասնագետներին, հայտարարելու ենք մրցույթ՝ «Լավագույն մշակութային Վերջին զանգ» անվանմամբ, որին իհարկե մասնակցությունը դպրոցների շրջանում լինելու է կամավոր, բայց նաև սրա միջոցով հուսով եմ, որ կխրախուսենք այն միջավայրը, որը թույլ կտա, որ մեր երեխաները կարող են ստեղծագործել և շատ ավելի լավ, քան գրված, պատրաստի և ոչինչ չասող սցենարները և կարող են դպրոցական բեմից ելույթ ունենալ շատ ավելի որակյալ, քան դա կարող են անել որևէ մեկի գրած և իրենց տրված պատրաստի խոսքերով և հենց այս որակներն է, որ փորձելու ենք խրախուսել»,-ասաց նախարարը։
Նա նշեց, որ շարունակվում են կարևոր աշխատանքներ բոլոր ուղղություններով՝ ուսուցիչների ատեստավորման նաև մասնագիտական կարիքների գնահատման, վերապատրաստման, նոր համակարգի ներդրման և այլ ծրագրերով։
«Նախորդ տարվա արդյունքներով մենք ունենք լավ ցուցանիշ։ Նախորդ տարի համակարգում գրանցել ենք ավելի քան 3000 նոր ուսուցիչներ և սա առաջին հերթին ի շնորհիվ այն քաղաքականությունների, որ արդեն մի քանի տարի հետևողական վարվում են ոլորտում և ուղղված են ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացմանը և հատկապես ուսուցիչների մեջ կեսից ավելին նրանց գրանցվել է գյուղական դպրոցներում։ Հիշեցնեմ, որ գյուղական դպրոցներում նախորդ սեպտեմբերից ներդրել էինք հավելավճարի նոր կարգ, որը վերաբերում էր բոլոր առարկաների բոլոր ուսուցիչներին, որոնք մեկ դրույթից պակաս զբաղվածություն ունեին»,-ասաց Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը հավելեց, որ նոր ընդունված երիտասարդ ուսուցիչների 16 տոկոսը տղամարդիկ են, նաև ասաց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 500 ուսուցիչներ աշխատանքի են անցել։