Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր` սեպտեմբերի 13-ին, շարունակվում է Արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը, որը նախագահում է դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այսօր Հրայր Թովմասյանը պաշտպանական ճառով հանդես գալու 3-րդ օրն է։
Թովմասյանը կրկին ընդգծեց, որ իր պաշտպանական ճառը ՀՀ-ում գործող բոլոր դատավորների համար է, նախագահող դատավորն ընդհատեց՝ ասելով, որ Քրեական դատավարության օրենսգրքի 354-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթը սահմանում է, որ ճառում պետք է հղումներ կատարվեն այն փաստերի վրա, որոնք հետազոտվել են դատաքննության ժամանակ․ «Դատարանը Ձեզ կրկին պարզաբանում է, որ Դուք դատավարական իրավունքից պետք է օգտվեք բարեխղճորեն, և դատարանը կարող էր Ձեր վարքագիծը գնահատել որպես իրավունքի չարաշահում, և պարզաբանումները չընդունել, շարունակել կրկնել նույն հանգամանքները կամ շարունակել Ձեր ճառում մեջբերել այնպիսի հանգամանքներ, որոնք քննության չեն առնվել, դատարանը ստիպված է լինելու Ձեզ ընդհատել և արձանագրելով իրավունքի չարաշահում՝ պարզապես սահմանափակել Ձեր ելույթ ունենալու իրավունքը»։
Տաթևիկ Գրիգորյանն ասաց՝ 2024 թվականի օգոստոսի 25-ի դատական նիստում ներկա գտնվող բոլոր անձանց համար պարզաբանվել է, որ պաշտպանության կողմի վարքագիծն ամեն կերպ միտված է դատական քննությունը ձգձգելուն, նշանակված 132 դատական նիստերից միայն 73-ը չեն կայացվել պաշտպանության կողմի վարքագծով պայմանավորված։ Դատավորը նշեց՝ դրանից հետո պաշտպանության կողմը մեկ այլ մարտավարություն է մշակել՝ պատշաճ մասնակցելով դատական նիստերին, բայց ճառով հանդես գալու իրավունքի իրացման քողի ներքո շարունակում է չարաշահել իր դատավարական իրավունքները։
«Դրա վառ օրինակն է նաև այն, որ պարոն Օրբելյանին դատարանը մի քանի անգամ թույլ չտվեց, որպեսզի որպես ճառ չներկայացնի այն միջնորդությունները, որոնք դատարանը քննության առարկա է դարձրել»,-ասաց դատավորը։
Դատական նիստին կրկին վիճաբանություն սկսվեց դատավորի և մեղադրյալ Հրայր Թովմասյանի միջև, Գրիգորյանը նկատողության ձևով սանկցիա կիրառեց։
Տեսանյութը՝ այստեղ։