«ՀրազՋԷԿ»-ը հերքել է ՔՏՀԱ տեսչական մարմնի հայտարարությունը՝ երեկ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, Հրազդան ՋԷԿ-ի տարածքում կառուցվող և դեռևս վերջնական շահագործման չհանձնված գործարանին կից, արտադրական տարածքից դուրս գտնվող հատվածում իրականացված մոնտաժային աշխատանքների ընթացքում տեղի է ունեցել պատահար՝ օդի բալոնի պայթյուն, որը, ցավոք, մարդկային զոհի պատճառ է դարձել, մի քանի աշխատակիցներ տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ն:

«Ինչ վերաբերում է ՀՀ լիազոր գերատեսչության կողմից դեպքից ժամեր անց հրապարակված հաղորդագրությանն առ այն, որ Հրազդանի ՋԷԿ-ի տարածքում գտնվող օբյեկտի նկատմամբ 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրվել, ապա ըստ ս. թ. հուլիսի 23-ին տեսչական մարմնի կողմից տրամադրված ավարտված շինարարության շահագործման ընդունման եզրակացության՝ «խախտումներ և թերություններ չեն հայտնաբերվել», ինչը փաստում է, որ տեսչական մարմնի կողմից օբյեկտի մանրակրկիտ զննման ընթացքում անվտանգությանը վերաբերող խնդիրներ չեն արձանագրվել։

Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ օբյեկտը ներկայիս դրությամբ վերջնական շահագործման հանձնված չէ, գտնվում է փորձարկման փուլում։ Օբյեկտի վերջնական շահագործման հանձնումը նախատեսվում է 2024 թվականի վերջին»,-գրված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել