ԱՄՆ Կառավարությունը կրկնապատկում է Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման շեմը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ստորագրել են ՀՀ և ԱՄՆ միջև զարգացմանն ուղղված համագործակցության դրամաշնորհային համաձայնագրի փոփոխությունը: Վերջինիս արդյունքում ավելի քան կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը՝ 120 միլիոն դոլարից դառնալով 250 միլիոն դոլար, ինչպես նաև ընդլայնվում են համատեղ ծրագրերի ոլորտները:

Ընդլայնված համաձայնագիրը կներառի այնպիսի առանցքային ոլորտներ, ինչպիսիք են՝ աղետների ռիսկի կառավարումը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և տնտեսական ներառական զարգացումը:

«Հայաստանի համար կարևորը ոչ միայն ֆինանսական աջակցությունն է, այլև մեր համատեղ ծրագրերի արդյունքում խթանվող ժողովրդավարական արժեքները, ստեղծարար գաղափարներն ու զարգացած գործարար մշակույթը: Վերջիններիս ներդրումը մեր երկրում թույլ է տալիս իրականացնել հիմնարար բարեփոխումներ և բարձրացնել քաղաքացիների կյանքի որակը»,- նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱՄՆ-ին հավակնոտ բարեփոխումների Հայաստանի օրակարգն իրականացություն դարձնելու ճանապարհին աջակցելու համար:

«Այս փոփոխությունը ցույց է տալիս մեր հանձնառությունը Հայաստանի հետ մեր գործընկերությանը: Մեծացնելով մեր աջակցության ծավալը և ընդլայնելով մեր ծրագրերը՝ մենք օգնում ենք Հայաստանին զարգանալ և հաջողության հասնել: Մեր աշխատանքը Հայաստանի կառավարության և նախարարությունների հետ վճռորոշ դերակատարություն ունի մեր ընդհանուր նպատակներին հասնելու գործում», – ասել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել