ՊԵԿ Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։
Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկան և հսկողության բաժնի և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության մաքսային ծառայողների կողմից մաքսային հսկողության է ենթարկվել Շարժա-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի և վերջինիս ուղեբեռը:
Մաքսային զննման (տեսազննման) արդյունքում նրա ուղեբեռից հայտնաբերվել են ոսկենման մետաղից պատրաստված 4 հատ 31 գրամ քաշով դեղին թևնոց՝ թանկարժեք քարերի տեղադրման հենակների առկայությամբ, ադամանդ քարերի համար նախատեսված 239 հավաստագիր:
Անձի մաքսային զննման արդյունքում էլ քաղաքացու մոտ հայտնաբերվել է տարբեր տրամաչափերի ադամանդանման թափանցիկ քարերով լցված 37 պոլիէթիլենային տոպրակ՝ ընդհանուր 246 գրամ քաշով։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվական բազայում առկա տեղեկատվության համաձայն՝ խնդրո առարկա ադամանդանման թափանցիկ քարերը մշակված բնական ադամանդներ լինելու պարագայում, դրանց արժեքը հնարավոր է գերազանցի 8,000,000 (ութ միլիոն) ՀՀ դրամը։
«Ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների և մշակութային արժեքների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության համապատասխան որոշման համաձայն` մշակված բնական ադամանդներն ընդգրկված են նույն որոշմամբ սահմանված ցանկում, և մաքսային մարմնի տեղեկատվական բազայում առկա տվյալների համաձայն՝ հայտնաբերված ադամանդանման թափանցիկ քարերի մաքսային արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքի 292-րդ հոդվածով սահմանաված ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների խոշոր չափը` 8 միլիոն ՀՀ դրամը:
Նշված դեպքի առթիվ կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն և փոխանցել է ՀՀ քննչական կոմիտե։
Մանրամասները՝ տեսանյութում:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։