Ամուսնության մեջ գտնվող անչափահաս այլևս չի լինելու․ ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու վերաբերյալ նախագիծը հանձնաժողովում է

Նախագծի փաթեթի նպատակն է ամուսնության տարիքային շեմի բարձրացման արդյունքում բացառել վաղ ամուսնությունները, սակայն դրանց բացառումը միայն այս իրավական ակտերի ընդունմամբ չի կարող իրագործվել և պահանջվելու է հետևողական աշխատանք նաև իրավակիրառ մարմինների կողմից։ Այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ նշեց նախագծերի փաթեթի հեղինակ Ռուստամ Բաքոյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց՝ ինչ է սպասվում փաստացի ամուսնությունների դեպքում, երբ զույգը երեխա է ունենում․ «Վաղ ամուսնությունը, վաղ երեխա ունենալը միայն եզդիական համայնքին չէ բնորոշ։ Շատ-շատ գյուղերում, հայկական ընտանիքներում նման փաստեր կան, որ 16, 17 տարեկան երեխային ամուսնացնում են, երեխան ծնվում է 16, 17 տարեկանում։ Հիմա մի այսպիսի օրինակ․ չենք կարողացել լավ բացատրել, չենք կարողացել գիտակցությունը բարձրացնել, երեխան ծնվել է։ Գնում են, տեսնում են՝ հայրը 19 տարեկան է, մայրը՝ 16, կամ 2-ն էլ անչափահաս են։ Հիմա, էդ երեխային ի՞նչ ենք անում»։

Ռուստամ Բաքոյանը նշեց, որ տվյալ դեպքում երեխայի ծնունդը գրանցվում է, սակայն ամուսնությունը՝ ոչ։ Պատիժը, ըստ նրա, պետք է ավելի խիստ լինի, քանի որ այժմ էլ պատիժ կա սահմանված, սակայն այն դատարանների կողմից պայմանական է կիրառվում։

«2007թ.-ի ծնված, այսինքն՝ 17 տարեկան երեխաների մոտ 23 ամուսնությունից 23 երեխա ունենք ծնված, և 56 ամուսնություն 18 տարեկաների համար։ Իսկ 16 տարեկան 2 հոգի երեխա է ունեցել արդեն»,-այս մասին հայտնեց Արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը։

Նա նշեց, որ Կառավարությունն այս վաղ ամուսնությունների դեմն առնելուն կողմ է․ «Նաև պետության վերաբերմունքը ցույց տալն անհրաժեշտություն ենք համարում»։

Հանձնաժողովը կողմ քվեարկեց նախագծին, այն կընդգրկվի լիագումար նիստերի օրակարգ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել