Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ  Աննա եկեղեցու բակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ խոսեց նաև Հայաստանում ժողովրդավարության մասին՝ ժողովրդավարությունն անվանելով՝ ոստիկանական։

«Ժողովրդավարությունը պետք է լինի իրական և ոչ ձևական, իմիտացիոն։ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունն ու ժողովրդավարությունը պետք է լինեն երաշխավորված, քաղաքական հետապնդումների այս զազրելի գործընթացները պետք է արմատախիլ արվեն։ Հայաստանում չպետք է լինեն քաղբանտարկյալներ։ Մարդկանց առանց դատի ու դատաստանի կալանքի տակ են պահում։ Բոլոր քաղաքացիներն՝ անկախ իրենց սացիալական դիրքից, ազգային, էթնիկ, կրոնական պատկանելիությունից ու քաղաքական հայացքներից, եթե դրանք իհարկե միտված չեն պետության հիմնասյուները քանդելուն, պիտի զգան օրենքի առաջ բոլորի հավասարությունը, միևնույն ժամանակ իրենց պատասխանատվությունների և պարտավորությունների սրբորեն կատարումը։ Չի կարող լինել միայն իրավունքի պետություն, պետք է ունենալ նաև պատասխանատվություն կրող քաղաքացիություն»,-նշեց նա։

Նա ընդգծեց, որ Հայաստանի իրավապահ և դատական համակարգերը չպետք է լինեն գործող իշխանության հրամանների կամակատարները։

«Եթե իրավապահ և դատական համակարգի ներկայացուցիչները շեղվեն օրենքով սահմանված իրենց լիազորություններից, քաղաքացիների մեջ տարբերություն դնեն, սոցիալական, հասարակական հեղինակությունից բխած, անունից ու հեղինակությունից, քաղաքական հայացքներից ելնելով, ապա նման քայլ իրականացնողը պիտի պատժի ենթարկվի օրենքի ողջ խստությամբ»,-ասաց Բագրատ Սրբազանը։

Նրա խոսքով՝ 2024 թվականի հունիսի 12-ին արտացոլվեց իրավապահ ողջ համակարգի իրական պատկերը․ «Սեփական քաղաքացիների նկատմամբ բռնություն, անհամաչափ ուժի կիրառում, շարունակական հետապնդումներ ու բռնաճնշումներ, մինչև այսօր: Հունիսի 12-ը չի կարող մոռացվել և այդ ուղղությամբ մենք որոշակի գործողություններ ենք սկսել իրավական դաշտում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել