Եթե մենք ունենանք 9 բալանոց երկրաշարժ, հաշվի առնելով, որ Երևանը գտնվում է 8 բալանոց գոտում, կունենանք հետևանքներ, ասել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրեն Սոս Մարգարյանը:
«Սեյսմիկ վտանգը Խորհրդային Միության ժամանակ ՀՀ տարածքի համար թերագնահատված էր, եթե այսօր ունենք 8, 9 և 10 բալանոց գոտիներ, ապա այն ժամանակ կառուցապատումը իրականացվել է 7 և 8 բալի համար։ Այսինքն, երբ ասում ենք սեյսմիկ ռիսկ, պատճառը հենց դա է, շենքերը կառուցված են ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար, քան պետք է:
Հիմա, որ ասում ենք՝ ունենք բարձր սեյսմիկ ռիսկ՝ շենքերը խոցելի են, պատճառը դա է, որ շենքերը կառուցված են ավելի ցածր վտանգի համար, քան պետք է»,-ասաց նա և նշեց, որ Երևանի պարագայում, եթե տոկոսներով խոսեն՝ բարձր խոցելիությամբ բնակֆոնդը մոտավորապես 45 տոկոս է։
Մասնագետը նշեց, որ Երևանի համար կա երկու խզվածք՝ Երևանի հյուսիս-արևմտյան մասը և Գառնիի խզվածքը։ «Երևանի խզվածքի պոտենցիալը համեմատաբար փոքր է, քան Գառնիինը։ Բայց այնպես չի, որ երկրաշարժի դեպքում բոլորը կփլվի։ Եթե երևանյան խզվածքը աշխատի, խոցելիությամբ 45 տոկոս շենքերն ամենամոտը չեն գտնվում էպիկենտրոնին»,-նշել է նա։