Երևանում գազամատակարարման ցանցին միացման համար դիմող անձանց համար կսահմանվի միացման վճար․ նախագիծ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի ընդունման արդյունքում հնարավոր կլինի իրականացնել Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագիրը՝ չեզոքացնելով սակագների վրա հետագա բացասական ազդեցությունը։

Որոշման նախագծում նշված է.

«65.1. Այն ոչ կենցաղային սպառում ունեցող Դիմող անձինք և բազմաբնակարան շենքերի ու կառուցապատվող թաղամասերի կառուցապատողները, որոնց Գազասպառման համակարգի տեղակայման տարածքները գտնվում են Երևան քաղաքում կամ միացվում են Երևան քաղաքի Գազամատակարարման ցանցին, Երևան քաղաքի գազամատակարարման ռեժիմների բարելավման ու քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու համար Մատակարարին վճարում են՝

1) մինչև 2 000 մ3/ժ սպառման հզորության համար՝ 172 700 դրամ 1մ3/ժ-ի դիմաց՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

2) 2 000 մ3/ժ սպառման հզորությունը գերազանցող մասի համար՝ 100 200 դրամ 1մ3/ժ-ի դիմաց՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։

65.2. ԳՄՕԿ-ի 65.1-ին կետով սահմանված վճարը չեն վճարում՝

1) ոչ առևտրային կազմակերպություն հանդիսացող այն անձինք (կառուցապատողները), որոնք դիմել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի №970-Լ որոշմամբ հավանություն տրված՝ Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրով (այսուհետ՝ Ծրագիր) սահմանված ուղղությամբ Գազամատակարարման ցանցին Միացման համար, Գազամատակարարման ցանցի կառուցումն իրականացվել է այդ անձանց կողմից, առկա են ավարտական փաստաթղթերը, և կառուցված Գազամատակարարման ցանցն անհատույց հանձնել են Մատակարարին,

2) առևտրային կազմակերպություն հանդիսացող այն անձինք, (կառուցապատողները), որոնք դիմել են Ծրագրով սահմանված ուղղությամբ Գազամատակարարման ցանցին Միացման համար, Գազամատակարարման ցանցի կառուցումն իրականացվել է այդ անձանց կողմից, առկա են ավարտական փաստաթղթերը, և կառուցված Գազամատակարարման ցանցն օտարել են Մատակարարին 100 000 դրամով»։

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ Երևան քաղաքում վերջին տարիներին իրականացվող խոշորամասշտաբ կառուցապատմամբ պայմանավորված գազասպառման ծավալները կտրուկ աճել են և Երևան քաղաքը սնող գազաբաշխիչ կայանների, գազամատակարարումն ապահովող գազի բաշխիչ ցանցի գազատար խողովակների թողունակությունը այլևս բավարար չէ գործող գազի բաշխիչ ցանցին նոր գազասպառման համակարգերի միացման համար, ինչը խնդիրներ է առաջացրել Երևան քաղաքում նոր սպառողների գազամատակարարման ցանցին միացման հետ կապված։  ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին առաջարկվել է սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վրա հետագայում ծրագրի իրականացման ազդեցությունը չեզոքացնելու նպատակով Երևան քաղաքում գազամատակարարման ցանցին միացման համար դիմող անձանց համար սահմանել միացման վճար, որն առնվազն կապահովի ծրագրի իրականացման համար նախատեսված գումարի վերադարձը՝ դրանք նվազեցնելով ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների հաշվարկներից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել