«Կեղծվել է իրականությունը՝ քննությունն իրենց ցանկալի ուղղությամբ տանելու համար»․ քաղաքացին պնդում է՝ իր նկատմամբ անօրինականան գործողություններ են կատարվում

Գագիկ Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել 2021 թ. մայիսին Արշակ Կարապետյանի և Գևորգ Վարդանյանի կողմից ՀՀ քաղաքացի Հարություն Առաքելյանի անօրինական միգրացիան շահադիտական նպատակով կազմակերպելու փորձին օժանդակելու, միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու համար։

Գործն այս պահին դատարանում է։

Նա Կանադայի քաղաքացի է, 2018 թվականին է եկել Հայաստան, և երկար ժամանակ է՝ զրկված է ընտանիքի անդամներին տեսնելու հնարավորությունից։

Iravaban.net-ի հետ զրույցում խոսելով ԱԱԾ քննչական դեպարտամենտի և ՀՀ դատախազության գործողությունների մասին՝ հայտնեց, որ իրեն մեղսագրվող արարքի կատարման և այս գործի շրջանակներում անօրինական ու անհիմն քայլեր են կատարել։

Գագիկ Միրզոյանը մեզ հետ զրույցում նշեց հետևյալը․ «Դատախազությունը փորձում  է  իր կողմից կատարված  կեղծիքներից մաքրվել դատարանի միջոցով։ Դատախազությունը մեղադրանքը բերում է դատարան և դատարանները  առանց օբյեկտիվ, բազմակողմանի, լրիվ գործը քննելու հաստատում են մեղադրանքը։ Այս ամենին ականատես եղա  իմ դատաքննության ընթացքում»։

Նրա պնդմամբ՝ դատաքննության ընթացքում ևս մի շարք խնդիրներ են առաջացել։ Մասնավորապես, ապացույցների ծավալի վերաբերյալ միջնորդություն պետք է  ներկայացվեր, ինչը չի կատարվել, և այն անձը, որին պետք է մեղադրանք առաջադրվեր, որպես վկա չեն հարցաքննել, իսկ մյուսներին ևս իրեն մեղսագրվող արարքը կատարելու վերաբերյալ որևէ հարցադրում չի կատարվել։

Նա ընգծում է՝ տվյալ մեղադրանքի հետ որևէ առնչություն չունի և սխալ հանգամանքների բերումով է հայտնվել նման իրավիճակում։

Գագիկ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր «մեղքի բաժինն» ունի նաև ՀՀ Գլխավոր դատախազության դատախազ Հայկ Մովսիսյանը․ «Ավելի քան 3 տարի կտրված եմ ընտանիքիս անդամների տեսնելու հնարավորությունից, քանի որ խափանման միջոց բացակայելու արգելք է ընտրված իմ նկատմամբ և չեմ կարող լքել Հայաստանը։ Քրեական վարույթն իրականացնող քննիչ Հայկ Մարտիրոսյանը չի իրականացրել լրիվ, օբյեկտիվ, բազմակողմանի նախաքննություն։ Գործը քննվել է քրեական դատավարության օրենսգրքի պահաջների կոպիտ խախտումներով։

Գործում առկա են բազմաթիվ խախտումներ և հակասություններ։ Այդ հակասությունները, անօրինականությունները ծածկելու համար քննիչ Հայկ Մարտիրոսյանը դիմել է այլ մեթոդի իրեն արդարացնելու համար։ Ավելին, քննիչն իմ նկատմամբ ճնշումներ է գործադրել, ստիպելով ընդունել մեղքը և ստիպել է իր առանձնասենյակում գրել ինքնախոստովանական դիմում, և ցուցմունք իր թելադրանքով»։

Այս ամենի վերաբերյալ Գագիկ Միրզոյանը 2024 թվականի մայիսին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ հաղորդում է ներկայացրել, սակայն որևէ գործողություն դրա վերաբերյալ չի իրականացվել։

Քննիչը, ըստ Միրզոյանի հայտնած տեղեկությունների, տեղյակ լինելով, որ արարքը կատարել է «Լաունդ Թրավլ» ընկերության տնօրեն Մարգարիտա Պողոսյանը, հոգեբանական ճնշումներ գործադրելով և այլ միջոցներ կիրառելով խեղաթյուրել է իրականությունը՝ գործի վարույթը տանելով իրեն ցանկալի ուղղությամբ։

Նշում է, որ դատարանում բոլոր  վկաները  և մեղադրյալներից Արշակ Կարապետյանը  իր ցուցմունքով հաստատել է, որ նախաքննության ընթացքում  տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք և , որ իրեն չի ճանաչել մինչև դատաքննությունը  և իր հետ ընդհանրապես ոչ մի գործարք չի կատարել։

«Մինչդեռ Արշակ Կարապետյանի ցուցմունքում իրականությունը քննիչ Հայկ Մարտիրոսյանի կողմից կեղծվել է` քննությունն իրեն ցանկալի ձևով տանելու համար։ Նման քննիչների  և նման դատախազների արարքը կարող է վարկաբեկել մի ամբողջ համակարգ, մեկ ամբողջ համայնք։ Ժամանակն է նաև վեթինգ իրականացնել դատախազական համակարգում»,-հավելում է Միրզոյանը։

Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից ներգրավված փաստաբանն այս վարույթի շրջանակներում պահպանում է «ձևական» և ոչ բովանդակային կողմը, և, Միրզոյանի խոսքով, այս ընթացքում որևէ փոփոխություն փաստաբանի գործելաոճի մեջ չի նկատվել։

Նա այս գործի շրջանակներում դիմել է տարբեր ատյաններ, սակայն ոչ մի արձագանք չի ստացել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել