«Ակտիվ աշխատանքներ են տարվում նվերների ռեեստրի ներդրման հետ կապված»․ Լիլյա Աֆրիկյան

««Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» (ԲԿԳ) նախաձեռնության շրջանակներում ստանձնել և իրականացրել ենք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրման համակարգի ներդրումը, կատարելագործումը։ Այսօր արդեն գործում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) ներքո հայտարարագրման նոր համակարգ, որը համապատասխանում է թվայնացման, տվյալների մշակման և գեներացման ստանդարտներին։ Ի շարունակություն այդ հանձնառությունների նաև ստանձնել էինք պետական պաշտոնյաների և հանրային ծառայողների՝ իրենց պարտականությունների իրականացման ընթացքում ստացած նվերների հայտարարագրման ռեեստրը»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշեց Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան համակարգող/կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը։

Նրա խոսքով՝ բոլոր ռեեստրների, համակարգերի իրականացումը թույլ կտա ստանալ մեկ ամբողջական պատկեր և վերլուծություն կատարել․ «Նվերների ռեեստրը հետաքրքիր նորություն է մեր իրականության մեջ, քանի որ այն մեծապես կապված է բարեվարքության համակարգի ներդրման հետ։ Նոր մշակույթ է։ Գործիքակազմերն արդեն ստեղծվել և ներդրվել են ԿԿՀ-ի կողմից»։

Այս պահին գործում է էլեկտրոնային ձևաչափը, սակայն Լիլյան Աֆրիկյանի խոսքով՝ ակտիվ աշխատանքներ են տարվում հենց ռեեստրի ներդրման հետ կապված։ Նա նշում է՝ Հայաստանում շատ կարևոր է կիրարկման փուլը։

«Մենք ընդունում ենք տարբեր իրավական կարգավորումներ, ներդրվում են հարթակներ, սակայն կիրարկման խնդիր ունենք։ Պետք են շարունակական իրազեկման և կարողությունների բարձրացման հանդիպումներ և դասընթացներ՝ բոլոր պաշտոնատար անձանց համար»,-նշեց նա։

Լիլյա Աֆրկյանը վստահ է՝ ԲԿԳ-ի շրջանակներում կլինեն նաև այլ նախաձեռնություններ, որոնք կամբողջականացնեն համակարգերի ներդրումը․ «Քաղաքացիակենտրոն և կարիքները բավարարող քաղաքականություններ մշակելը և իրականացնելը բոլոր կառավարությունների հանձնառությունն է, սակայն կարևոր  է ունենալ այդ մեխանիզմները։ Բաց կառավարման գործընկերության հարթակը և համայնքը հանդիսանում է այն գործիքակազմը և մեխանիզմը, որի միջոցով հանձնառությունները Կառավարության կողմից իրականացվում են»,-նշեց նա։


Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։

Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել