Կայացել է «Արցախից բռնի տեղահանվածների ապագան Հայաստանում. hետազոտության և ինտեգրման մոդելների ներկայացում» աշխատարանը

Հուլիսի 17-ին կայացել է «Արցախից բռնի տեղահանվածների ապագան Հայաստանում. hետազոտության և ինտեգրման մոդելների ներկայացում» աշխատարանը, որը կազմակերպվել էր մի խումբ կազմակերպություններից բաղկացած Կոալիցիայի կողմից. դրա կազմում են «Աֆեյան» հիմնադրամը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը, Հայ Օգնության Ֆոնդը, Հովնանյան ընտանիքի հիմնադրամը և «Թուֆենկյան» հիմնադրամը։

«Ծրագիրն արցախցիների կարիքների գնահատման, Արցախի ապագայի տեսլականների կողմնորոշման մասին է։ Հանդիպումը հրավիրվել է մտքերի ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվելու, համագործակցության եզրեր փնտրելու համար»,-նշել են կազմակերպիչները։

«Սիվիտտա» (CIVITTA) ընկերության գործընկեր Հովհաննես Աթաբեկյանը ներկայացրեց հետազոտությունը, որը կազմվել է։ Նրա խոսքով՝ երկարաժամկետ տեսլականն այն է, որ պետք է գործի Արցախ վերադարձի, արժանապատիվ և ապահով կյանքի իրավունքը, սակայն մինչև այդ պատվիրակված ծրագրի շրջանակում բռնի տեղահանված քաղաքացիների համար սոցիալտնտեսական ինտեգրման ծրագիրն է մշակվել․ «Ծարգիրը մշակվել է մասնակցային ձևաչափով՝ բազմավեկտոր քննարկումների և աշխատանքի արդյունքում»։

Ներկայացվեցին նաև «Սիվիտտա ԷՅԷՄ» ընկերության կողմից իրականացրած հետազոտության հիմնական արդյունքները, դրանց վրա հիմնված արցախցիների՝ Հայաստանում ինտեգրման մոդելները, ինչպես նաև քննարկվեցին պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության հեռանկարներն ու այլ դերակատարների ներգրավվման հարցերը։

Հանդիպմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական այրեր, դիվանագիտական, միջազգային առաքելությունների և տեղական ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Հանդիպմանը ներկա էր նաև Արտակ Բեգլարյանը։ Նա նշեց, որ այսօր պետությունն ուզում է գնալ 2-րդային շուկայից բռնի տեղահանվածների համար տներ գնել՝ առանց զբաղվածության հարցը լուծելու։

«Հաշվի չեք առնում սոցիալ-հոգեբանական, մշակութային և քաղաքական նպատակների բաղադրիչները, որը ռազմավարական առումով շատ կարևոր է։ Ոչ թե օդից մարդիկ են ընկել, որոնք տնտեսական պոտենցիալի իրացման հնարավորություն են ստեղծում ՀՀ-ի համար, այլ մի ամբողջ ժողովուրդ է տեղահանվել իր հայրենիքից և ցանկանում է մի օր այնտեղ վերադառնալ՝ այստեղ պահելով իր առանձնահատկությունները, համայնքային կապերը, վստահությունը և այլն»,-նշել է նա։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել