«Ալեքս տեքստիլ»-ի նախկին աշխատակիցները ենթադրյալ օրինախախտումների մասին են բարձրաձայնում․ ընկերությունն արձագանքել է

Բագրատունյաց 5/3 հասցեում գտնվող «Ալեքս Տեքստիլ» ընկերության մի շարք նախկին աշխատակիցներ Iravaban.net-ին պատմել են տարիների ընթացքում իրականացված ենթադրյալ օրինախախտումների մասին, որոնք արձանագրվել են այնտեղ աշխատանքի ընթացքում։

Նախկին աշխատակիցներից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, մեզ հետ զրույցում նշեց, որ ընկերությունում աշխատում էր 2017 թվականից, աշխատանքից ազատվել է այս տարի՝ 2024 թվականին․ «Իրենց իրականացրած չարաշահումներից մեկը միանգամից այդքան կրճատումներ անելն էր։ Մարդկանց կրճատել են հոսքով՝ 100 հոգի, 400 հոգի, բայց ասել են՝ ազատման դիմում գրեք, ձեր դիմումի համաձայն դուրս եկեք աշխատանքից»։

Iravaban.net-ի հետ զրույցում «Ալեքս տեքստիլ» ընկերությունից հայտնեցին, որ ընկերությունում 2024 թվականին կրճատումներ չեն եղել։ Ընկերությունը՝ որպես գործող տնտեսվարող սուբյեկտ, իր գործունեության ընթացքում ունենում է ինչպես նոր ընդունվող, այնպես էլ աշխատանքից ազատվող աշխատակիցներ․

«Սակայն վերջին ամիսների ընթացքում պետք է նշել, որ ընկերությունից իրենց դիմումի համաձայն ազատված աշխատակիցների թիվը գերազանցում է նոր ընդունված աշխատակիցների թվին, ինչը պայմանավորված է ընկերության արտադրության և իրացման ծավալների նվազմամբ։ Ընկերությունը իր աշխատակիցների հետ աշխատանքային պայմանագրերը լուծելու ժամանակ օրենքով սահմանված կարգով և չափով ազատված աշխատակիցներին հաշվարկում և վճարում է վերջնահաշվարկ»։

Սակայն մեր զրուցակիցը նշում է՝ երբ աշխատակիցները խոսել են կրճատման մասին, պատասխանը եղել է՝ «ազատվել եք սեփական դիմումի համաձայն». «Ազատվել ենք, հիմա տարբեր մարդկանց հաշիվներին նստում է վերջնահաշվարկ՝ շատ քիչ գումար։ Զանգել ենք հաշվապահություն, փորձել հասկանալ՝ ինչպե՞ս է հաշվարկվել օրինակ X գումարը։ Հաշվապահությունից պատասխանել են՝ հաշվարկել ենք 2020 թվականից»։

Աշխատակիցների հարցին, թե ինչո՞ւ է հաշվարկը կատարվել 2020 թվականից, եթե իրենք աշխատում են 2017-ից, պատասխանը եղել է, որ հաշվարկները կարվեն 2019 թվականից, բայց 2017-18 թվականների աշխատանքը ներառված չի լինի․ «Ասում են՝ մենք ձեզ ընդհանուր արձակուրդ ենք ուղարկել այդ տարիներին և արձակուրդային ենք վճարել։ Իրականում՝ 40 օր տանն ենք եղել, ստացել ենք 12000 դրամ։ Դա հարկադիր պարապուրդ էր, քանի որ մեզ ուղարկել են տուն՝ իրենց տարածքում վերանորոգում իրականացնելու նպատակով։ Ասել են՝ վերանորոգումը ավարտվի, կգաք։ Ես իրենցից արձակուրդ չեմ խնդրել, բայց եթե անգամ ձևակերպել են որպես արձակուրդ, վստահ եմ՝ գումարի չափը չի կարող 12000 դրամ լինել, եթե իմ աշխատավարձը եղել է 80-100 հազար դրամ, ապա արձակուրդայինը պետք է լինի այդ գումարի սահմաններում»։

Ընկերությունից հայտնում են՝ իրենց համար անհասկանալի է, թե 2017-2018 թվականներին ի՞նչ պարապուրդի մասին է խոսքը, քանի որ նշված ժամանակահատվածում ընկերությունը աշխատել է իր բնականոն ռեժիմով և դրան համապատասխան կատարել է իր աշխատակիցներին վճարումներ։

Նախկին աշխատակցի խոսքով՝ երբ աշխատակիցները փաստաթղթեր են պահանջել, «Ալեքս Տեքստիլ»-ից պատասխանել են, որ համակարգչում վերջին 5 տարվա տվյալներն են․ փաստաթղթեր, ի վերջո, չեն ներկայացվել։ Պատճառաբանել են, որ թղթերը փակել են, դրել մի կողմ․ «Դիմել ենք տարբեր մարմիններ՝ Հակակոռուպցիոն կոմիտե, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին, իրենց կանչել են հարցազրուցների, բայց տարբեր պատճառներով չեն ներկայացել։ Մենք հարցրել ենք՝ ինչո՞ւ փաստաթղթեր չեք ներկայացնում, գուցե գրանցվա՞ծ չենք եղել այդ տարիներին, պատասխանը ժխտողական է եղել»։

Աշխատողները աշխատանքային պայմանագրի իրենց օրինակը չեն ստացել։ Իրենց խոսքով՝ պատճառը պայմանագրում նշված շաբաթական 40 ժամ աշխատելն է ու դրա դիմաց համապատասխան գումար ստանալը այն դեպքում, երբ իրենք աշխատել են նաև շաբաթ օրերին ու դրա դիմաց գումար չեն ստացել․ «Եթե իմ աշխատանքային ժամը շաբաթվա կտրվածքով 40 ժամ է և ես ստացել եմ 100000 դրամ, նշանակում է ես շաբաթ օրերին իրենց համար անվճար եմ աշխատել 7 տարի շարունակ։ Կարող եմ պահանջել նաև իմ այդքան տարիների շաբաթ օրերի գումարը։ Ես մատնահետք եմ թողել, դա ցույց է տալիս, որ ես աշխատել եմ։ Անգամ մի օր պարոն Սամվել Ալեքսանյանը եկավ ու մեզ շաբաթ օրը այնտեղ տեսնելով զարմացավ։ Վստահ ենք՝ նա տեղյակ չէ այս չարաշահումներից»։

Մեր զրուցակիցը նշում է՝ աշխատակիցները հիմնականում 50 և ավելի տարիք ունեցող անձինք էին, ովքեր մոտ էին թոշակային տարիքի և վախենում էին կորցնել աշխատանքը․ «Իրենց ասում էին՝ ձեռք չի տալիս, դուրս եկեք, օգտվում էին նրանց անօգնական վիճակից։ Դա նշում եմ՝ որպես բարոյական վատ քայլ։ Մարդիկ մտածում էին՝ եթե դուրս գան, այլ տեղ ընդունվելու հնարավորություն չէին ունենա»։

«Ալեքս տեքստիլ»-ից, անդրադառնալով ընկերությունում աշխատակիցների 40 ժամից ավել աշխատելու և դրա դիմաց անհամապատասխան վճար ստանալու հարցին՝ տեղեկացրին, որ ընկերության և աշխատակիցների հարաբերությունները կարգավորվում են Աշխատանքային օրենսդրությամբ և այդ օրենսդրության հիման վրա կնքված աշխատանքային պայմանագրերով, որոնցով էլ ի թիվս այլ հարցերի կարգավորվում է այդ աշխատակիցների աշխատաժամանակը։ Իսկ բոլոր այն դեպքերում, երբ ընկերության աշխատակիցները ներգրավվել են արտաժամյա աշխատանքի մեջ, այդ թվում նաև տոնական օրերին, նրանք վարձատրվել և վարձատրվում են Աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով։

Ընկերությունը պատրաստակամ է գրասենյակում անձնական հանդիպումների միջոցով քննարկել և ներկայացնել բոլոր պարզաբանումները այն աշխատակիցների հետ, ովքեր ունեն հարցեր ստացված աշխատավարձի, վերջնահաշվարկի և այլ հարցերի վերաբերյալ․

«Տեղեկացնում ենք նաև, որ մեր նախկին աշխատակիցներից շատերը, ովքեր մեր ընկերության աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ ունեցել են հարցեր և ցանկացել են քննարկել ընկերության հետ, ընկերությունը պատրաստակամ լսել և նրանց բոլոր հարցերին տվել է ապառիչ պատասխաններ և նրանք ընկերության նկատմամբ որևէ պահանջներ չունեն»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել