Բաց կառավարման գործընկերության ներկայիս գործողությունների ծրագրով Կառավարությունը ստանձնել է eCourt-statistics դատական համակարգի տվյալների վերլուծության գործիքի իրականացման հանձնառությունը։ Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում նշեց Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան համակարգող/կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը։
Այն պետք է դառնար էլեկտրոնային արդարադատության համակարգի մի մասը, վերլուծեր գոյություն ունեցող տվյալները և ազդեր դատական համակարգի թափանցիկության, հաշվետվողականության բարձրացմանը, կիրառելի դառնար հետազոտողների և հանրության համար։
«Թվերն ավելի խոսուն են, քան գործողությունները և խոսքերը։ Գործիքի հիմնական նպատակը հանրության համար թափանցիկության ապահովում է՝ դատական գործերի ընթացքի վերաբերյալ։ Այն կարող է ցույց տալ, թե որտեղ են չարաշահումները, որտեղ բարեփոխումներ իրականացնելու կամ գործընթացները բարելավելու կարիք կա»,-նշեց Լիլյա Աֆրիկյանը։
Նրա խոսքով՝ այժմ Կառավարությունը ջանքեր է գործադրում լավագույնս իրականացնելու գործիքի ներդրումը։
«Իհարկե, բոլոր ռեֆորմների, նախաձեռնությունների ընթացքում հանդիպում են բազմաթիվ խոչընդոտներ, որոնք կարող են տարբեր պատճառներ ունենալ։ Ներկա դրությամբ ընթանում են թվայնացման բարեփոխումները։ Այստեղ մենք տարբեր ծրագրային լուծումներով համակարգերի հետ գործ ունենք։ Հետևաբար, շատ դժվար է բոլոր համակարգերը մեկ հարթության վրա բերելը և մեկ միասնական ձևաչափի տվյալները ստանալը»,-ասաց Լիլյա Աֆրիկյանը։
Այսպիսով, առաջարկվում է մշակել և ներդնել Էլեկտրոնային արդարադատության շրջանակներում դատական համակարգի գործիք, որը հնարավորություն կտա կատարել վիճակագրական և վերլուծական աշխատանքներ դատական գործընթացների վերաբերյալ` սկսած մինչդատական փուլից:
Սրան կարելի է հասնել գործող էլեկտրոնային համակարգերի համակցմամբ, արդարադատության ոլորտի մարմինների միջև միասնական էլեկտրոնային հաղորդակցության ներդրմամբ։
Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է կատարելագործել գործող վիճագրական տողերը և վիճակագրական քարտերը։
Բացի այդ, միջազգային պարտավորություններին համապատասխան, անհրաժեշտ է նախատեսել կոռուպցիոն գործերի համար առանձնացված վիճակագրություն, ներառյալ վիճակագրական տեղեկություններ՝ ըստ պաշտոնների, ըստ հանրային և մասնավոր ոլորտների տարբերակման, տեղեկություններ իրավաբանական անձանց կողմից կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ։
Հրապարակումը պատրաստվել է «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից, գործընկերությամբ՝ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, «ԲԿԳ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Բաց Կառավարման Գործընկերության (ԲԿԳ) աջակցությամբ՝ Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն բարեվարքության՝ Արևելյան գործընկերության համար» ծրագրի շրջանակներում։
Սույն հրապարակմամբ արտահայտված է հեղինակի՝ ԻՀԱ դիրքորոշումը, որի համընկնումը ԲԿԳ և ԵՄ դիրքորոշման հետ պարտադիր չէ: