Թմրամիջոցներ օգտագործող անձանց թիվը՝ ըստ տարիների

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն այսօր լուրջ խնդիր է ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում»,-նշվում է Ներքին գործերի նախարարության նախագծում, որով, ըստ հեղինակի, կապահովվեն ՀՀ տարածքում առավել խիստ հսկողական մեխանիզմներ համացանցի, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում։

2023թ. ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել է թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների հետ կապված հանցագործությունների 5070 դեպք, նախորդ տարվա 2266-ի դիմաց, գրանցվել է աճ 2804 դեպքով կամ 123.7%-ով:

Հանցագործության դեպքերից 2802-ը վերաբերել են թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի իրացմանը, այդպիսով՝ 2022թ. նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է աճ 1771 իրացման դեպքով կամ 171.7 %-ով: (2022թ.` 1031):

2023թ. ընթացքում հանրապետության տարածքում արձանագրվել է առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների անօրինական շրջանառության 1762 դեպք, ինչը 1076 դեպքով ավելի է նախորդ տարվա համեմատությամբ (2022թ.՝ 686 դեպք): Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի կտրուկ ավելացումը պայմանավորված է ընթացիկ տարվա ընթացքում համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեպքերի արձանագրման աճով:

2023թ. ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյուքնում բացահայտվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 489 դեպք, որոնցից 128-ը իրացման դեպքեր են, իսկ 361-ը՝ ձեռքբերման (2022թ.՝ 134 դեպք, որոնցից 37-ը՝ իրացման, 97-ը՝ ձեռքբերման):

2023 թվականի ընթացքում հանրապետության իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 202 կգ 60 գր տարբեր տեսակի թմրամիջոցներ ()2022թ. 119 կգ 70 գր):

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն և լրացումներ կատարել Քրեական օրենսգրքում։ Նախագծում նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն բարձրացնելու տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի արդյունավետությունը։

Հայաստանի Հանրապետությունում արձանագրված դեպքերի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ կտրուկ ավելացել է տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը։ Ընդ որում, 2024 թվականի ընթացքում արձանագրվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության 147 դեպք, որոնցից 36-ը թմրամիջոցներ իրացնելու դեպքեր են, իսկ 111-ը՝ ձեռքբերման: Ուստի նախագծով նախատեսվող կարգավորմամբ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների շրջանառությունը դիտարկվում է որպես հանցանքը ծանրացնող հանգամանք։

Նախագծի ուժի մեջ մտնելուց հետո, օրենսդրությամբ թիրախավորված կլինեն տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը»,-նշվում է հիմնավորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել