Ինչպե՞ս է դատախազը հսկողություն իրականացնում նախաքննության օրինականության նկատմամբ

Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն, որպես կանոն, իրականացնում է տվյալ քրեական գործով քրեական հետապնդում հարուցած դատախազը, բացառությամբ, երբ նրան օրենքով նախատեսված դեպքերում փոխարինում է վերադաս դատախազը: Եթե քրեական հետապնդումը հարուցել է վերադաս դատախազը, ապա նա կարող է տվյալ քրեական գործով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը հանձնարարել ստորադաս դատախազի:

Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազն ինքնուրույն է և գործում է առանց վերադաս դատախազի թույլտվության և համաձայնության: Վերադաս դատախազն իրավասու չէ վերացնելու կամ փոփոխելու հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ակտերը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Հսկողություն իրականացնող դատախազը պատասխանատու է հետաքննության և նախաքննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության և արդյունավետության համար:

Վերադաս դատախազը գործի քննության օրինականությունն ապահովելու նպատակով հսկողություն իրականացնող դատախազին կարող է ցուցումներ տալ: Ցուցումները տրվում են գրավոր: Հսկողություն իրականացնող դատախազը պարտավոր է կատարել վերադաս դատախազի ցուցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ համարում է, որ նման ցուցումն անհիմն կամ անօրինական է: Նման դեպքերում հսկողություն իրականացնող դատախազը պարտավոր է հրաժարվել այն կատարելուց` անհապաղ գրավոր իրազեկելով ցուցում տված վերադաս դատախազին, որն իրավունք ունի անձամբ ստանձնելու հսկողությունը կամ դրա իրականացումը հանձնարարելու մեկ այլ դատախազի:

Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը օրենքով նախատեսված դեպքերում իրավունք ունի որոշում կայացնելու հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձին վարույթից հեռացնելու վերաբերյալ, սակայն չի կարող որոշում կայացնել նոր անձ նշանակելու մասին:

Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը կարող է դիմել հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող համապատասխան մարմնին հետաքննություն կամ նախաքննություն իրականացնող անձի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ:

Միջնորդությունն ուղարկվում է խախտում թույլ տված պաշտոնատար անձի վերադասին, որը պարտավոր է այն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում, սկսել ծառայողական քննությունը:

Հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել