Հուլիսի 11-ին Սյունիքի մարզ այցի շրջանակում ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ինչպես նախապես հայտարարվել էր, Սյունիքի մարզային վարչությունում հանդիպում է ունեցել մարզի բնակիչների հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաև ՆԳ նախարարության ղեկավարության ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Քաղաքացիների բարձրացրած հարցերը վերաբերում էին Ոստիկանության բարեփոխումներին, Պարեկային ծառայության գործունեությանը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակին, դպրոցական տեսուչի ինստիտուտի կարևորությանը և այլն: Քաղաքացիները հարցեր են ուղղել նաև կոնկրետ հանցագործությունների վերաբերյալ: Բարձրացված բոլոր հարցերը քննարկման առարկա են դարձել. տրվել են հստակ պատասխաններ ու պարզաբանումներ:
ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Սյունիքի մարզային վարչության ղեկավար կազմին հանձնարարել է ուսումնասիրել բարձրացրած խնդիրները, պատշաճ լուծում տալ հարցերին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև միջնորդություն ներկայացնել համապատասխան պատկան մարմիններին։
Քաղաքացիների հետ հանդիպումները շարունակական են լինելու: