Առերեսվել են Սամվել Շահրամանյանը և Սարգիս Գալստյանը. փաստաբան

Առերեսվել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը և Սարգիս Գալստյանը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռոման Երիցյանը։

«Պետք է նշեմ, որ առերես հարցաքննության ընթացքում Սամվել Շահրամանյանը ոչ միայն հերքել է Սարգիս Գալստյանի ցուցմունքը, այլև վերջինս համաձայնվել է նախագահի հետ։

Ավելացնեմ նաև, որ Սամվել Շահրամանյանը նշված գործով հարցաքննվել է վկայի դատավարական կարգավիճակով, այսինքն որևէ մեղադրանք նրան չի առաջադրվել»,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ Ս․Գ․–ն, 2018-2023թթ․ Արցախում զբաղեցնելով տարբեր՝ մասնավորապես, Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալի, Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ղեկավարի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի, ապա Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնները,  և տեղեկացված լինելով Արցախում տիրող ռազմական իրադրության և բնակչության սոցիալ-հոգեբանական վիճակի մասին, 2020 թվականի նոյեմբերին կապ է հաստատել օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակից հանդիսացող անձի հետ։

Վերջինիս կողմից ստանալով լրտեսություն կատարելու հանձնարարություն՝ Ս․Գ․–ն համաձայնել է դրան՝ այդ կերպ հավաքագրվելով օտարերկրյա պետության հատուկ հետախուզության ծառայության աշխատակցի կողմից, որից հետո ստացել է «Սարխան» ծածկանունը։

Այնուհետև, Ս․Գ․–ն օտարերկրյա հետախուզության ծառայության հիշյալ աշխատակցի առաջադրանքով, 2020-2023 թվականների ընթացքում հավաքել և Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար Ադրբեջանի հատուկ ծառայության աշխատակցին է հանձնել Արցախում գտնվող բնակչության, նրանց տրամադրությունների, Արցախի հարցի կապակցությամբ ՀՀ և Արցախի իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումների, 2023թ․ սեպտեմբերի իրադարձությունների ժամանակ ՀՀ-ի կողմից հնարավոր ռազմական աջակցության, բնակչության կարիքները հոգալու համար անհրաժեշտ սննդի և այլ նյութական միջոցների առկայության, զինվածության, զինված հարձակման դեպքում հնարավոր դիմադրության վերաբերյալ և նման բնույթի այլ տեղեկություններ, այդպիսով կատարելով լրտեսություն:

2023 թվականի սեպտեմբերին Արցախից հայ ազգաբնակչության հեռանալուց հետո, Ս․Գ․–ն, օտարերկրյա հետախուզության ծառայության վերը նշված աշխատակցի կողմից ստանալով պաշտոնի առաջարկ Ստեփանակերտում, պաշտոն զբաղեցնելու շահագրգռվածությամբ, կնոջ հետ միասին մնացել է Ստեփանակերտ քաղաքում, որտեղ վերջիններս շարունակել են իրենց հանցավոր գործունեությունը՝ հայ ազգաբնակչության վերաբերյալ իրենց հասանելի եղած այլ տեղեկությունները ևս փոխանցելով օտարերկրյա հետախուզության ծառայություններին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել