Ի՞նչ ժամկետում են բողոքարկվում սնանկության գործով դատարանի դատական ակտերը

Դատարանի` սնանկության գործն ըստ էության լուծող դատական ակտերը կարող են բողոքարկվել վերաքննության կարգով։ Վերաքննիչ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։

Պարտապանին սնանկ ճանաչելու կամ սնանկ ճանաչելու դիմումը մերժելու մասին դատարանի վճիռը կարող են բողոքարկել պարտապանը, պարտատերը (պարտատերերը):

Դատարանի վճռի բողոքարկումը չի կասեցնում սնանկության վերաբերյալ գործի վարույթը, ինչպես նաև դատարանի նշանակած ժամանակավոր կառավարչի կամ կառավարչի գործողությունները:

Uնանկության գործի քննության ընթացքում կայացվող որոշումները կարող են բողոքարկվել դրանք կայացվելուց հետո` 15-օրյա ժամկետում, վերաքննության կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը ժամկետի բացթողումը համարում է հարգելի։

Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել ամբողջությամբ կամ մասնակիորեն` առանձին պահանջների մասով: Որոշումը մասնակիորեն բողոքարկվելու դեպքում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը չբողոքարկված պահանջների մասով մտնում է ուժի մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել