Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Բրազիլիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:
Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։
Վարչապետը կարևորել է Հայաստան-Բրազիլիա համագործակցության զարգացումը տարբեր ուղղություններով և նշել, որ չնայած երկու երկրների միջև աշխարհագրական հեռավորությանը՝ դրա համար առկա է մեծ ներուժ: Նիկոլ Փաշինյանն անհրաժեշտ է համարել կոնկրետ նախագծերի մշակումն ու դրանց իրականացման գործում համատեղ հետևողական աշխատանքը:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բրազիլիա համագործակցության օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի: