Ադրբեջանն ասում է՝ դու ինձ չես թողել, որ ես 30 տարի ապրեմ, ես էլ քեզ չեմ թողնի, որ դու ապրես․ պիտի վրեժս քեզանից լուծեմ և սա ամենամեծ մարտահրավերն է, որը պիտի հաղթահարենք։ Այս մասին նախօրեին Հանքավանում ՔՊ քաղաքական ժողովին իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը:
«Կան նաև մեծ երկրներ, միջազգային խաղացողներ, որոնք ասում են մի րոպե, ոնց թե դու ուզում ես ապրել․ դու ախր ապրող ժողովուրդ չես, դու տառապող ժողովուրդ ես, դու պետք է տառապես, պետք է գաղթես, կոտորվես, մաքառես, և այդ ամեն ինչի միջոցով պետք է գաս ինձնից փրկություն աղերսես և ես պետք է գամ քեզ փրկեմ, որ դու շարունակես կոտորվել, մաքառել»,-ասաց նա։
Փաշինյանը նշում է, որ ժողովրդի ուղերձն իրենց այն է, որ իրենք ուզում են պարզապես ապրել, ոչ թե հավերժ մաքառել, պայքարել:
«ՔՊ կուսակցության գաղափարախոսությունը հենց սա է` կյանքի գաղափարախոսությունը դարձնել պետական գաղափարախոսություն, ազատություն տալ մեր քաղաքացիների ապրելու, լավ ապրելու մղմանը, ազատություն տալ և հնարավոր դարձնել դա: Որովհետև լավ ապրելու մղմանը մեր հասարակությունում ազատություն տրված չէ»,-ասաց նա: