ՌԴ նախկին պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի դեմ քրեական գործ է հարուցվել

Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը կասկածվում է պաշտոնեական անփութության մեջ, ինչը հանգեցրել է 56 մլն ռուբլու վնասի: Այս մասին «Իտար-Տասսին» հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:

«Ըստ քննչական տվյալների, Անատոլի Սերդյուկովը, լինելով պաշտպանության նախարար, բանավոր կերպով հրահանգել է ենթականերին պետական բյուջեի միջոցներով կառուցել  ավտոտրանսպորտային ճանապարհ Աստրախանի մարզի  Իկրյանսկ շրջանի Կրասա գյուղից մինչև Շկոլնի կղզին, որի վրա գտնվում է «Ժիտնոյե» ոչ առևտրային ընկերությունը (հանգստի գոտի՝ մեկն.՝ Իտար-Տասս):

Իր հրահանգը  Սերդյուկովը հիմնավորել է` որպես ցանկություն, ստեղծել Պաշտպանության նախարարության կարիքների համար հանգստի բազա: Բացի այդ, նախկին նախարարի հրահանգով բարեկարգման աշխատանքներ են տարվել «Ժիտնոյե» հանգստի գոտու տարածքում:

Հարկ է նշել, որ կանաչապատման աշխատանքները կատարել են ավիացիոն զորքերի զինվորները, իսկ ավտոտրանսպորտային ճանապարհի շինարարությունը՝ երկաթուղային գումարտակի զինվորները:

Ընդ որում պետական բյուջեի միջոցների ծախսը հիմնավորող կամ Պաշտպանության նախարարության որևէ իրավունք այդ ճանապարհի կամ հանգստի գոտու նկատմամբ հաստատող փաստաթուղթ չի ձևակերպվել», -հայտնում է Վլադիմիր Մարկինը:

ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինի խոսքերով այդ գործողությունների արդյունքում  պետությանը հասցվել է 56 մլն ռուբլու վնաս:

Միայն քրեական գործի քննության արդյունքում ավտոճանապարհը և հանգստի գոտին 2013թ.-ին ներառվել են ՊՆ հաշվեկշռում:

ՌԴ Քննչական կոմիտեի Գլխավոր ռազմական քննչական վարչության  կողմից նախկին պաշտպանության նախարարի նկատմամբ հարուցվել է քրեական գործ  ՌԴ Քրեական օրենսգրքի 293 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Պաշտոնեական անփությույուն):

Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է հարկադիր աշխատանք՝ մինչև մեկ տարի ժամկետով կամ ազատազրկում մինչև երեք ամիս ժամկետով:

 

Լուսանկարը` «Իտար-Տասս»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել