Առևտրային իրավաբանական անձը կարող է ստեղծվել լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության ձևով:
Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն է համարվում մեկ կամ մի քանի անձանց հիմնադրած ընկերությունը, որի կանոնադրական կապիտալը բաժանված է կանոնադրությամբ սահմանված չափերով բաժնեմասերի: Նման ընկերության մասնակիցները նրա պարտավորությունների համար համապարտ սուբսիդիար պատասխանատվություն են կրում իրենց գույքով` ընկերության կանոնադրությամբ բոլորի համար միանման որոշված իրենց ավանդների արժեքի բազմապատիկի չափով: Մասնակիցներից մեկի սնանկության դեպքում ընկերության պարտավորությունների համար նրա պատասխանատվությունը մյուս մասնակիցների միջև բաշխվում է նրանց ավանդներին համամասնորեն, եթե պատասխանատվության բաշխման այլ կարգ նախատեսված չէ ընկերության կանոնադրությամբ:
Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության ֆիրմային անվանումը պետք է պարունակի տարբերակող նշանակության հատուկ, հասարակ և (կամ) այլ անուն, ինչպես նաև` «լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերություն» բառերը:
Լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ կիրառվում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասին` սույն օրենսգրքի կանոնները, եթե սույն հոդվածով այլ բան նախատեսված չէ: