Իրականացվող բարեփոխումներից մինչև ցածր աշխատավարձերի խնդիրը. տեսանյութ

Քաղաքացիներն ամեն օր չեն դիմում նոտարներին ու ՔԿԱԳ մարմիններ: Դա է պատճառը, որ Արդարադատության նախարարության իրականացրած բարեփոխումներն ուշ են հայտնի դառնում հանրությանը: Այս կարծիքին է Արդարադատության նախարարի տեղակալ Արամ Օրբելյանը:

Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող Շիրակի հակակոռուպցիոն կենտրոնի կազմակերպած միջոցառման ժամանակ Արդարադատության նախարարի տեղակալը ներկայացրեց նոտարական, ՔԿԱԳ մարմիններում, ԴԱՀԿ ծառայությունում, քրեակատարողական ծառայության և պետական ռեգիստրի գործունեության ոլորտներում իրականացվող բարեփոխումները:

«Բարեփոխումներն իրականում երեք տարբեր ուղղություններով են իրականացվում: Մի մասն օրենսդրական բարեփոխումներ են, որն իր մեջ ենթադրում է ընթացակարգերի պարզեցում, հստակեցում, օպտիմալացում` այդ թվում` հաշվի առնելով տեղեկատվության փոխանակման այսօրվա էլեկտրոնային հնարավորությունները, երկրորդը` կառավարման համակարգերի ներդրում է, որը հնարավություն է տալիս գործընթացներն էլ ավելի արագացնել և սրա հիման վրա օրենսդրությունը փոխել: Երրորդ ուղղությունը` իրազեկմանն ուղղված գործողություններ են »,- ասաց Արամ Օրբելյանը:
Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզի նոտարներ, իրավաբաններ ու փաստաբաններ, ներկայացուցիչներ իրավապաշտպան կազմակերպություններից, պետական մարմիններից:

«Խնդիրը մեկն է` վեր հանել ոլորտի խնդիրները և տեղեկացնել Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների մասին, որովհետև շատ դեպքերում մեր քաղաքացիներն իրազեկված չեն»,- ասաց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի կողմից գործարկվող «Հայաստանն ընդդեմ կոռուպցիայի» շարժման ղեկավար Կարեն Զադոյանը:

Շիրակի Հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Գայանե Գևորգյանը ներկայացրեց կենտրոնի արձանագրած խնդիրներն ու քննարկվեցին լուծման տարբերակներ:

«Ցավոք պետք է նշեմ, որ ԴԱՀԿ ծառայության հետ կապված բողոքներն ամենաշատն են և՛ քանակությամբ, և՛ խնդիրների բազմազանությամբ: Եղել են դեպքեր, երբ եռօրյա ժամկետի խախտմամբ է կատարողական վարույթ հարուցվել»,- հայտնեց Շիրակի Հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող Գայանե Գևորգյանը:

Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքից գոհ են պետական մարմինների աշխատակիցները, սակայն առաջնային հարցերից մեկը դեռ լուծված չէ. ցածր աշխատավարձերի խնդիրը:

«Ես համարում եմ, որ հանրապետությունում ՔԿԱԳ բաժնի մասնագետների, պետերի աշխատավարձն ամենացածրերից է: Իմ մասնագետը ստանում է 35.000 դրամ աշխատավարձ, հետո որ 10000 դրամն ավելացրեցին, դարձավ 45.000»,- ասաց Գյումրիի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ Եղեգնուհի Խաչատրյանը:

Գյումրիի ՔԿԱԳ տարածքային բաժնի պետ Եղեգնուհի Խաչատրյանը հույս չունի, որ մինչև թոշակի տարիքին անցնելը բարձր աշխատավարձ կստանա, նախարարի տեղակալը խորհուրդ տվեց սպասել` հարցը քննարկվում է Արդարադատության նախարարությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել