«Դատական համակարգի բարեփոխումների նոր փաթեթ է մշակվել»․ Կարեն Կարապետյան

ՀՀ արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի, «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի մասնակցությամբ՝ «ԲԳԿ ազգային գործողությունների ծրագրի բաց արդարադատության և հակակոռուպցիոն հանձնառությունների բազմակողմանի իրականացում» ծրագրի շրջանակներում այսօր՝ հունիսի 14-ին, տեղի է ունեցել դատավորների գործունեության գնահատման և դատական վիճակագրության համակարգերի վերաբերյալ բարձր մակարդակի հանրային-մասնավոր երկխոսության ձևաչափով համաժողովը։

Միջոցառմանը ներկա են եղել ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ԵՄ պատվիրակության դեսպան Վասիլի Մարագոսը, Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ-Հայաստան Համակարգող/ կոնտակտային անձ Լիլյա Աֆրիկյանը, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհրդի նախագահ Մովսես Արիստակեսյանը և ոլորտի այլ մասնագետներ, դատավորներ։

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը նախարարության անունից ողջունեց համաժողովի անդամներին, շնորհակալություն հայտնեց ԻՀԱ-ին, ԲԿԳ-ին՝ այս գործընթացներին մշտապես և շարունակական աջակցություն ցուցաբերելու համար։

Նա նշեց, որ ՀՀ Կառավարությունը 2018 թվականից ի վեր դատական և իրավական բարեփոխումների օրակարգը պահում է իր առաջնային թիրախում և այս օրակարգի շրջանակներում, բնականաբար, անկյունաքարային նշանակություն ունի դատական համակարգի շարունակական բարեփոխումը՝ տեսլական ունենալով առավել թափանցիկ, արդյունավետ և վստահություն վայելող դատական համակարգի ամրապնդումը։

«ԲԴԽ-ն Արդարադատության հետ, նաև ամերիկյան գործընկերների հետ համատեղ մշակել է բարեփոխումների նոր փաթեթ, որը միտված է դատարանների գնահատման ողջ համակարգի բարեփոխմանը, և միջազգային չափանիշներին համապատասխան, դրա արդիականացումը՝ սկսած չափանիշների վերանայումից, ընդուպ մինչև, ինչպես պարոն Անդրեասյանն էլ մանրակրկիտ ներկայացրեց, այդ ողջ գործընթացն իրականցնող հարթակի, այն է՝ գնահատման խորհրդի վերանայումը։ Առաջարկվող փոփոխությունները միտված են առաջնայինը ստեղծելու դատարանների գնահատումն իրականացնող անկախ մարմին՝ գնահատման օբյեկտիվություն ապահովելու համար և միաժամանակ բարեփոխելու դատավորների գնահատման չափանիշների և ցուցանիշների համակարգը՝ ներառելով առավել օբյեկտիվ քանակական և որակական տարրեր»,-ասաց Կարեն Կարապետյանը։

Նրա խոսքով՝ հույս ունեն, որ այս բարեփոխումները զգալի խթան կհանդիսանան դատարանների թափանցիկ և օբյեկտիվ գնահատման համակարգի ձևավորման համար՝ որպես նոր, բարձր որակական նշաձող արդարադատության ողջ համակարգի ենթատեքստում։

Նա ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին և դեսպանին՝ այս գործընթացում իր անձնական ներդրման համար՝ ընդգծելով հետևյալը․ «Ներկայումս գտնվում ենք Հայաստան-ԵՄ նոր համագործակցության օրակարգի մշակման ամենաակտիվ փուլում, որին նախատեսվում է ձևավորվել և իրավական տեսք ստանալ այս տարի՝ աշնանը, և այնտեղ դատաիրավական ոլորտում և դատական բարեփոխումների ուղղությամբ արդեն իսկ շատ ծավալուն եվրոպական աջակցությունը էլ ավելի արդյունավետ նկարագիր է ստանալու»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել