«Այս նախագիծն աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ»․ Գեղամ Մանուկյան

ԱԺ ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի հերթական նիստին Կառավարության կողմից ներկայացված «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քվեարկության դրված որոշումն ընդունվեց։

Գեղամ Մանուկյանը հայտնեց, որ այս նախագիծն աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ, քանի որ Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործկալությունն ամբողջովին բացասական կարծիք է տվել այս նախագծին, որն առնչվում է ՀՀ ցանկացած քաղաքացու․

«Այս օրենքն ընդունվելուց հետո մեր հայրենակիցները 24-ժամյա ռեժիմով ուղիղ ռեժիմով գտնվելու են ոստիկանության հսկողության տակ, մտան դեղատուն, խանութ և այլն։ ՆԳՆ-ի բոլոր այն հավաստիացումները, որ դա ուղղակի անվտանգության համար է, չի ծառայեցվելու այլ նպատակներով, բազմաթիվ օրինակներով հանձնաժողովի նիստին, քննարկումների ժամանակ ներկայացրել եմ, որ կան դեպքեր ԱԺ տեսախցիկների սերվերից, Զվարթնոց օդանավակայանի անձնագրային բաժանմունքների, երբ տասնյակ քաղաքացիների լուսանկարներ, տեսանյութեր քաղաքական նպատակներով անհասկանալի ձևով հայտնվել են, օրինակ, Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանի ֆեյք կայքերում»,-նշեց նա։

Նախագծի համաձայն՝ ոստիկանությունը 24/7 ռեժիմով հասանելիություն կունենա մի շարք տնտեսվարողների տեսահսկման համակարգերին։

Առաջարկվում է՝

– մի շարք կազմակերպությունների և տնտեսավարողների համար սահմանել պարտականություն՝ շինության մուտքը և բոլոր կողմերը դրսից ապահովելու տեսահսկման համակարգերով,
– շտապօգնության մեքենաների և ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների ու միկրոավտոբուսների ուղևւորասրահները ևս տեսահսկման համակարգերով ապահովել:

Ըստ նախագծի՝ Ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել և ստանալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաև ունենալ հասանելիություն այդ համակարգերին ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել