Երևան-Սևան ճանապարհին՝ պայթյունի հատվածում, ժամը 08։20-ի դրությամբ բաց կրակ չկա, իրականացվում են հովացման աշխատանքներ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Տուժել են 7 քաղաքացի, որոնցից 1-ը դուրս է գրվել։ Նախնական տվյալներով զոհեր չկան։
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18-րդ կմ-ն երկկողմանի փակ է:
Դեպքի վայրում են գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ փ/ծ գեներալ-մայոր Կ․Ցուցուլյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ և այլ պաշտոնատար անձինք», – գրել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Երևան-Սևան ավտոճանապարհի մի հատվածը փակ է, իսկ շրջանցիկ ճանապարհներն են` Երևան-Սևան՝ Աբովյան-Ջրաբեր հատվածով, Սևան-Երևան՝ Չարենցավան-Նոր Գեղի հատվածով։
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Ըստ նախնական տվյալների՝ Երևան-Սևան ավտոճանապարհի թիվ 6/1 հասցեում՝ «Գազ օիլ» ՍՊԸ-ի գազաբենզալցակայանում, պայթել է հեղուկ գազի ցիստեռն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Կ․ Ս․-ն (ծնված 1980 թ․) և Գ․ Չ․-ն (ծնված 1991 թ․), այնուհետև՝ տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր։
Աբովյանի ԲԿ են տեղափոխվել Լ․ Հ․-ն (ծնված 2007 թ․), Հ․ Խ․-ն (ծնված 2001 թ․), Մ․ Գ․-ն (ծնված 1989 թ․), Ա․ Ա․-ն (ծնված 1990 թ․) և Լ․ Ս․-ն (ծնված 1963 թ․). Լ. Հ․-ն ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել, իսկ մյուսները տեղափոխվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ: