Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին:
Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը, երկկողմ օրակարգով նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացումը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական, տեխնոլոգիական, զբոսաշրջության ոլորտներում կապերի զարգացման անհրաժեշտությունը: Վարչապետը ընդգծել է ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը:
Միխայիլ Զիբերթն իր հերթին շեշտել է Հայաստանի հետ համագործակցության զարգացման ուղղությամբ ԵՄ հանձնառությունն ու պատրաստակամությունը: Նրա խոսքով՝ ԵՄ-ն շարունակելու է ակտիվորեն նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման օրակարգի լիարժեք իրացմանն ու կյանքի կոչմանը: Միխայիլ Զիբերթը ԵՄ անունից զորակցություն է փոխանցել Հայաստանի Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով զոհերի կապակցությամբ, նաև պատրաստակամություն հայտնել՝ ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն վերականգնողական աշխատանքներում:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը, Արևելյան գործընկերության ծրագրին, տարածաշրջանային անվտանգությանը, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր: