1 տոննա կոկաինի մաքսանենգության գործով կալանավորված բոլոր անձինք ազատ են արձակվել․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Այսօր հրապարակվեց, որ մեկ տոննա կոկաինի մաքսանենգության գործով կալանավորված բոլոր անձինք ազատ են արձակվել: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։

«Ժամանակին այս գործը խիստ քաղաքականացվեց Ազգային ժողովի ամբիոնից՝ կապելով Միհրան Պողոսյանի անձի հետ, այդ կերպ ներկայացնելով, թե իբր նախկիններն առնչվում են թմրամիջոցի ապօրինի շրջանառությանը:

Դեռևս 2023 թվականի հունիսի 28-ի հրապարակմամբ ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը վերլուծության էր ենթարկել մաքսանենգության այս դեպքը և հանգել հետևության, որ մեկ տոննա կոկաինը նախատեսված չի եղել Հայաստան ուղարկելու համար, այն մաքսավորների հետ հանցավոր համաձայնությամբ հանվելու էր Իտալիայում, և բեռն արդեն մաքուր, առանց թմրամիջոցի, առաքվելու էր Հայաստան, ինչը սակայն խաթարվել է մեզ դեռևս անհայտ պատճառով: Այսինքն՝ «Մրգենի» ՍՊ ընկերությունն օգտագործվել է «կուրորեն» (в слепую): https://yerevan.today/…/aats-pahestazorayinneri…

Ցավոք, մեկ տարի առաջ արված այդ վերլուծությունը պարզապես հաշվի չառնվեց, այլապես մարդիկ, այդ թվում և նրանց մեջ կին, այսքան ժամանակ կալանքի տակ չէին պահվի նման ծանր մեղադրանքով:

Չպետք է ամեն ինչ քաղաքականացնել, հարմարեցնել քաղաքական նպատակներին։ Պրոֆեսիոնալ հարթակում, հատկապես ԱԱԾ-ում, դա ընդունելի չի եղել։ Համակարգն ունեցել է իր դեմքը, խոսքի կշիռը, և այն հաշվի է առնվել»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել